Home / Հայաստան / Արոնյանը բաժանում է առաջին տեղը Մոսկվայում, պատրաստվում է բլիցի աշխարհի առաջնությանը

Արոնյանը բաժանում է առաջին տեղը Մոսկվայում, պատրաստվում է բլիցի աշխարհի առաջնությանը

Այսօր Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի անվան 5-րդ հուշամրցաշարում հաղթանակ տարավ հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ բաժանելով 1-ին տեղը ևս երկու շախմատիստի հետ:

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Արոնյանը կես միավոր զիջում էր ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին, սակայն վերջինս այսօր սևերով պարտվեց Բորիս Գելֆանդին, և Արոնյանը, ով ոչ-ոքի խաղաց Պավել Էլյանովի հետ, հավասարվեց Մամեդյարովին: Ինչպես և Արոնյանն ու Մամեդյարովը, 5,5 միավոր վաստակեց նաև ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ով վերջին տուրում հրաշքով կարողացավ ոչ-ոքին փրկել չինացի Վան Հաոյի հետ պայքարում: Հաոն պարտիայի վերջնախաղում պարզ իրադրությունում չկարողացավ իրացնել առավելությունը և մամուլի կենտրոնում ինքն իրեն «հիմար» անվանեց:

Այսպիսով, Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարը երեք հաղթող ունեցավ՝ Արոնյանը, Կարյակինը և Մամեդյարովը: Խոշոր մրցաշարում արձանագրած հաջողությունից հետո Արոնյանն արդեն նոյեմբերի 16-ին մեկնարկ կվերցնի բլիցի աշխարհի առաջնությունում, որտեղ նա չեմպիոնի կոչման համար կպայքարի 19 շախմատիստների հետ:

Բլիցի աշխարհի առաջնությունը նույնպես կկայանա Մոսկվայում նոյեմբերի 16-ից 18-ը:

Tekali Taxi