Գլխավոր / Армения / Հայաստանը կարող է մնալ առանց անկախ հեռուստատեսության

Հայաստանը կարող է մնալ առանց անկախ հեռուստատեսության

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր հրապարակեց Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 19-25 մրցույթների արդյունքները:

Թիվ 23-րդ մրցույթում պայքարում էին «Չապ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Գալա TV»-ն և «Ցայգ» հեռուստաընկերությունը: «Գալա TV» ստացավ 14 միավոր, իսկ «Ցայգը» մաքսիմալ` 42 միավոր:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, մրցույթի արդյունքը հայտարարելուց հետո «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչները շամպայն են բացել և սկսել տեղում նշել հաղթանակը:

Նշենք, որ Շիրակի մարզում հեռարձակող «Գալա TV»-ն Հայաստանում միակ հեռուստաընկերությունն էր, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքները և գործունեությունը:

2008 թվականին իշխանությունների կողմից փորձ արվեց փակել «Գալա TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ երևույթ գրանցվեց. մարդիկ սկսեցին հեռուստամարաթոն-դրամահավաք՝  ի պաշտպանություն «Գալա» հեռուստաընկերության: Դրամահավաքի ընթացքում «Գալայի» հաշվին փոխանցվեց 26 միլիոն 458 հազար 500 դրամ, իսկ տուգանքի մնացած 441 հազրա դրամը հեռուստաընկերությունը փոխացնեց իր հաշվից:

Հիշեցնենք, որ Գալա TV-ի լիցենզիան գործում է մինչև 2015 թվականը:

Այսօր քվեարկության ՀՌԱՀ 8 անդամներից ներկա էին միայն 7-ը, որոնք 6 դեպքում առավալագույն միավորներ շնորհեցին մասնակիցներին` 42 (յուրաքանչյուրը 6-ական միավոր): 19-րդ, 20-րդ, 21-րդ, 24-րդ և 25-րդ մրցույթներում ընդամենը 1 մասնակից էր ներկայացված` «Տելեքս» ՍՊԸ (Արարատի մարզ),  «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ (ՀՀ Արմավիրի մարզ), «Արփաինֆորմ» ՍՊԸ (ՀՀ Վայոց ձորի մարզ), «Ձագեձոր» ՍՊԸ (ՀՀ Սյունիքի մարզ) և «Երևան մեդիա հոլդինգ» (Արագածոտնի մարզ), որոնք էլ հաղթող ճանաչվեցին:

Թիվ 22-րդ մրցույթում «Աբովյան հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն հավաքեց 42 միավոր և Կոտայքի մարզում հեռարձակման իրավունքի համար մրցությում անցավ «Սիրակ» ՍՊԸ-ին, որը հավաքեց 21 միավոր:

Tekali Taxi