ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մարտի 30-ի նիստում որոշվել է տուգանք կիրառել հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ն նշում է, որ այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելու հետևանքով ստեղծվել է դեֆիցիտ. երևույթը գերիշխող դիրքի չարաշահում է: Տուգանքը կկազմի մոտ 100 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերին հանրապետության առևտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ բարձրացման առնչությամբ Հանձնաժողովը ուսումնասիրություններ էր սկսել հավի ձվի շուկայում:
Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել ձվի շուկայում գործող առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից, որոնք են` «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Աշտարակ ձու», «Լուսակերտի Հարություն թռչնաֆաբրիկա» և «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ համաձայն վերոնշյալ 6 տնտեսվարողների կողմից հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվության, ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ ավելացման օրերին ձու արտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է «ԼՏԹՖ» ընկերությանը:
«Այսպես, 2010-ի դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում ձու չկար, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է 4 506 849 հատ, որի 83 %-ը, կամ 3 763 838 հատ ձուն բաժին է ընկել հենց «ԼՏԹՖ» ընկերությանը: 6 թռչնաբուծական ֆաբրիկաների միջին օրական արտադրության ծավալի 52%-ը ևս ապահովել է այս ընկերությանը: Դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ խանութներում առկա է եղել ձվի չբավարարված պահանջարկ, «ԼՏԹՖ»-ն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն չի իրացրել արտադրված ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը: Արձանագրվածը հաստատվել է նաև խոշոր սուպերմարկետների կողմից Հանձնաժողովին ներկայացրած գրավոր տեղեկատվությամբ», – նշված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ :
Ձվի շուկայում կատարվող ուսումնասիության ընթացքում Հանձնաժողովը արտադրողներից պահանջել է ելքի բեռնագրեր, հաշիվ ապրանքագրեր և այլ փաստաթղթեր: Սեփական սխալները թաքցնելու կամ թերևս Հանձնաժողովին ապակողմնորոշելու միտումով որոշ տնտեսվարողներ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
Հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ ապրանքագրեր արժանահավատ չեն, մասնավորապես, դրանցից շատերը վկայում են, որ այն խանութները, որոնց անունով դուրս են գրվել այդ հաշիվ ապրանքագրերը կամ այդ գործարքներից ընդհանրապես տեղյակ չեն, կամ ավելի սահմանափակ քանակով են ձու ստացել: Կան նաև դեպքեր, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները, օրինակ, «ԼՏԹՖ» իրացման փաստաթղթերից երևում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն իրացրել է 220.000 հատ ձու, սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետը իրականում շատ ավելի քիչ ձու է ստացել, քան դա արտացոլվել է հաշիվ ապրանքագրերում:
«Ստացվում է, որ ձու արտադրողները իրենց արտադրության մի զգալի քանակ իրացրել են անօրինական, ստվերային ճանապարհով, որն էլ իրենց հնարավորություն է տվել ձուն շուկաներում իրացնել անհամեմատ ավելի բարձր գնով», – հայտնում է Հանձնաժողովը` հավելելով, որ ձեռքի տակ գտնվող կեղծ պայմանագրերը կփոխանցվեն Հարկային մարմիններին և ՀՀ Դատախազություն:
Այս պահին ընթացքի մեջ է նաև «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ հարուցված վարչական վարույթը: