Ամերիկյան Մինեսոտա նահանգի շրջանային դատարանը վճռել է օրինական համարել Մինեսոտայի Համալսարանի (լուսանկարում) «Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի» կողմից ստեղծված «սև ցուցակը», որում զետեղված կայքերը ակադեմիական նպատակներով օգտագործման համար ոչ հուսալի են համարվում, գրում է mndaily.com-ը:
Դատավորը մերժել է ԱՄՆ Թուրքական Կոալիցիայի հայցն ընդդեմ համալսարանի: Նշենք, որ Թուրքական Կոալիցիայի կայքը ևս ընդգրկված է եղել «սև ցուցակի» մեջ: Հայցվոր կողմը մեղադրում էր համալսարանին իրենց խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ` որակելով կենտրոնի քայլը որպես զրպարտություն:
Դատավոր Ֆրենկ Դոնովանը հայտարարել է, որ դատարանը վճռել է «ճանաչել կրթության հարցում սեփական որոշումներ ընդունելու համալսարանի իրավունքը»: Դատավորը նշել է, որ համալսարանը իրավունք ունի նաև որոշելու, թե ով կարող է ուսուցանել, ինչ կարող է ուսուցանվել, ինչպես պետք է ուսուցանել և ովքեր կարող են ուսանել իրենց մոտ:
Համալսարանի ընդհանուր խորհրդի ղեկավար Մարկ Ռոտենբերգը նշել է, որ իրենք անչափ գոհ են նման որոշումից:
ԱՄՆ Թուրքական Կոալիցիայի կայքը հայտնվել էր անվստահելի կայքերի ցուցակում` Հայոց Ցեղասպանության նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով:
«Սև ցուցակում» ընդգրկված բոլոր կայքերի վերաբերյալ համալսարանի ղեկավարությունը նշում է. «Ուսանողները չպետք է օգտագործեն այս կայքերը, քանի որ դրանք ստեղծված են անանուն կազմակերպությունների կողմից կամ փաստերի և կարծիքների տարօրինակ միախառնում են պարունակում»: