Home / Հայաստան / Կոտ դ’Իվուարում «նոր դարաշրջան» է սկսվում. նախկին նախագահը կալանավորված է

Կոտ դ’Իվուարում «նոր դարաշրջան» է սկսվում. նախկին նախագահը կալանավորված է

Կոտ դ´Իվուարի նորընտիր նախագահ Ալասան Ուատարան (լուսանկարում) հեռուստատեսային ուղերձ է հղել իր ժողովրդին` հայտարարելով, որ նախկին նախագահ Լորան Գբագբոյի նկատմամբ դատական գործ է հարուցվել, հաղորդում է BBC News-ը:

«Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է երկրում առաջացած ռազմական կոնֆլիկտի ընթացքում Գբագբոյի և նրա համախոհների կողմից ձեռնարկված գործողությունների հետաքննությամբ»,-հայտարարել է Ուատարան:

Ուատարան այս հայտարարությունն արել է Գբագբոյի կալանքից ընդամենը մի քանի ժամ անց:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Ուատարան խոստացել է ապահովել Գբագբոյի և նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև հայտարարել է, որ նախկին նախագահի իրավունքները պաշտպանվելու են պատշաճ կերպով: Ներկայումս Գբագբոն և իր կինը գտնվում են Golf հյուրանոցում ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկողության տակ:

Ուատարան կոչ է արել իվուարցիներին վրեժխնդրությամբ չլցվել և չվերսկսել բռնի գործողությունները, ընդգծելով, որ Կոտ դ’Իվուարում «նոր դարաշրջան» է սկսվում:

Հիշեցնենք, որ Ալասան Ուատարայի ընտրվելուց հետո Լորան Գբագբոն հրաժարվել էր ընդունել ընտրությունների արդյունքերը և ռազմական գործողություններ էր սկսել:

Tekali Taxi