Home / Հայաստան / «Հազարամյակի մարտահրավեր»-ի տնօրենը գալիս է Հայաստան

«Հազարամյակի մարտահրավեր»-ի տնօրենը գալիս է Հայաստան

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը մայիսի 3-5-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման  ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում  կունենա ավելի քան 420000 գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցնում շուրջ 45000 ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր:

Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, ապա, ինչպես ավելի վաղ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

Դեսպանը նշել էր, որ, միգուցե, հետագայում հնարավոր կլինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում: «Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարևոր ցուցանիշ է, բայց կարևոր է նաև մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը և այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում», – ասել էր դեսպանը:

Tekali Taxi