Home / Հայաստան / «Սարդարապատը» կոչ է անում մշակութային քաղաքականություն իրականացնել

«Սարդարապատը» կոչ է անում մշակութային քաղաքականություն իրականացնել

«Տեր կանգնենք քաղաքակրթության առջև մեր առաքելությանը, հոգևոր այլ պահանջներ կրող հասարակական պատվերի առկայությանը, հռչակենք մեր երազած երկրի մշակութային դաշտի կայացմանը միտված մշակութային հեղափոխության հրամայականը»:  Սա ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման համակիր Խաչիկ Չալիկյանի հայտարարությունից մի հատված է, որը նա այսօր ներկայացրել է  լրագրողներին:

«Եթե բոլորս միասին հրկիզվենք, դա ավելի տպավորիչ կլինի, բայց այսօր ես ասում եմ՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի: Այս խմոորումները քսան տարուց ավել ինձ մոտ կան: Ես գլուխս բարձիս տակից չէի հանի, եթե «Սարդարապատ» շարժման մեջ չտեսնեի այն հզոր կամքը, այն նվիրյալ մարդկանց, որոնց ամեն խնդիր հասու է: Բայց սա անգամ «Սարդարապատ» շարժման խնդիրը չէ: Մենք եկեք ապրենք այն երկրում, որտեղ կայանա մշակույթը»,- ասել է Չալիկյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանը: Նա իր խոսքում նշել է, որ այն փաստը, որ մեզանում մշակութային քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտություն  կա, վաղուց արդեն հրամայական է դարձել:

«Կան բազմաթիվ մարտահրավերներ, չկան դրան համապատասխանող համակարգված գործողություններ: Մենք գիտակցում ենք այս հարցի անհրաժեշտությունը, հապաղման իրավունք չունենք, քանի որ հասկանում ենք, թե ինչքանով է դա կարևոր և ինչպես է վտանգված այն արժեհամակարգը, որի կրողը եղել է մեր ազգը և որի փոխանցողը պարտավոր ենք  լինել մենք` հետագա սերունդներին հասցնելու այն ամենը, ինչ որ մեզ հասել է  և զարգացած ճանապարհենք դեպի ապագա»,- ասել է Լալա Մնեյանը:

Այնուհետև բանախոսները կոչ են արել խնդրով մտահոգված մարդկանց համախմբվել և միմյանց հետ «փորձել իրականացնել այն, ինչ նպատակադրել են»:

Tekali Taxi