2007 թվականի մարտի 15-ին Ստամբուլի ամերիկյան հյուպատոսությունից գաղտնի փաստաթուղթ է ուղարկվել ԱՄՆ Պետդեպ, որում խոսք է գնում նույն թվականի մարտի 9-ին կայացած ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի և Ստամբուլի նահանգապետի փոքրամասնությունների գծով տեղակալ Ֆիկրետ Կասապօղլուի զրույցի մասին: Փաստաթուղթը երեկ հրապարակվել է WikiLeaks կազմակերպության կողմից:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Բրայզան ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը ջանքեր է գործադրում Կոնգրեսին համոզելու, որպեսզի վերջինս չանցկացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական պատմության վերաբերյալ քննարկումները պետք է կայանան քաղաքացիական հասարակությունների միջև:
Կասապօղլուն 4 փաստարկ է բերել, համաձայն որի վերոնշյալ բանաձևը չպետք է ընդունվի Կոնգրեսի կողմից
1. Ստամբուլում հանդուրժողականության ավանդույթը տարբեր մշակույթների նկատմամբ սկսվել է դեռևս Օսմանյան կայսրության առաջին տարիներից
2. Չնայած պատմական և ներկա քաղաքական լարվածությանը ավելի քան 40000 տնտեսական ներգաղթյալներ Հայաստանից աշխատում են Թուրքիայում առանց դրա իրավունքն ունենալու (այստեղ ԱՄՆ հյուպատոսության ներկայացուցիչը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը հաճախ խոսում է 70000-ի մասին)
3. Հրանտ Դինքի սպանությունից հետո չկազմակերպված, դրական հարգանքի տուրքը, որ հազարավոր մարդիկ մատուցեցին նրան, ինչը հարգանքի նշան էր նաև միմյանց և այլ մշակույթների նկատմամբ
4. Թուրքիայի երիտասարդ ազգաբնակչությանը դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Առառջին համաշխարհայինի ժամանակ, և «ցեղասպանության» քաղաքականացումն ատելություն կսերմանի: