Home / Հայաստան / ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին ազատ են արձակել, 3-ին դատապարտել են երկամսյա կալանքի (թարմացված)

ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին ազատ են արձակել, 3-ին դատապարտել են երկամսյա կալանքի (թարմացված)

Օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված և հաջորդ օրը առավոտյան ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներից 4-ն այս պահին գտնվում են ազատության մեջ:

Ժամը 21:30-ի սահմաններում 3 ակտիվիստներին՝ Արեգ Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին, բաց են թողել Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, մյուս 4-ին տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ 23:30-ի դրությամբ բաց են թողել նաև Վահագն Գևորգյանին՝  քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելով:

Մյուս երեք ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 2-ամսյա նախնական կալանք:

Ավելի վաղ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՁՊՎ-ի շենքի մոտ հավաքվածներին տեղեկացրել էր, որ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Էլբակյանի խոսքով` Սարգիս Գևորգյանին առաջադրվել է մեղադրանք 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի, իսկ Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ մինչ ընթանում էր դատական նիստը, դատարանի շենքի մոտ հավաքվել էին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները: Նրանց մի մասը հագել էր բանտարկյալների հագուստ, ձեռքերում պահել դրոշներ, պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ես չեմ վստահում ոստիկանին», ««7-ի գործ` մաս 2», «Տղաներ, պինդ կացեք», «Գյադաների ժամանակը»:

Կոնգրեսի 7 ակտիվիստներ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Օգոստոսի 10-ի առավոտյան երիտասարդներին տեղափոխել են ՁՊՎ:
Երիտասարդների  խոսքով՝ ոստիկանների հետ վեճի ընթացքում նրանց ծեծի էին ենթարկել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասուլիսի ժամանակ հերքել էր այդ փաստը:

Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցում օգտատեր Գուրգեն Վիրաբյանը տեսանյութ էր տեղադրել, որտեղ ձերբակալված երիտասարդները ցույց էին տալիս իրենց վերքերը:
Tekali Taxi