Գլխավոր / Հայաստան / «Մարտի 1-ի» էջը չի կարող փակված համարվել». Հայաստանում մտահոգված են ԵԽԽՎ-ի զեկույցի նախագծի առիթով

«Մարտի 1-ի» էջը չի կարող փակված համարվել». Հայաստանում մտահոգված են ԵԽԽՎ-ի զեկույցի նախագծի առիթով

«Ժառանգություն» կուսակցությունը ԵԽԽՎ Մոնթորինգի հանձնաժողովի և ԵԽԽՎ ներկայացուցիչներին հղած նամակում անդրադառնում է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծին և մտահոգություն է հայտնում զեկույցում տեղ գտած «որոշ անընդունելի և վտանգավոր դրույթների առնչությամբ, որոնք ստվերում են զեկույցի ամբողջ ոգին և գլխավոր գործառույթը»:

«Ժառանգությունն» այդ առնչությամբ երկու նկատառում է ընդգծել.

1.Զեկույցում ողջունվում է 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահի կողմից գործողությունների «նորովի խթանումը» և նշվում, որ այս գործով վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույցը պետք է հրապարակվի մինչև 2011թ. ավարտը: Մինչդեռ մենք շարունակում ենք մեծ թերահավատությամբ վերաբերվել գործող իշխանությունների կողմից մարտի 1-ի սպանությունների բացահայտման հեռանկարին, քանի դեռ Սերժ Սարգսյանը որևէ քայլ չի կատարել Փաստահավաք խմբի վերականգնման համար, որը կազմավորվել էր իշխող կոալիցիայի, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից նշանակված փորձագետների ներգրավմամբ և որը, ի տարբերություն իրավապահ մարմինների, իրական ու արդյունավետ գործունեություն էր ծավալել նշված իրադարձությունների բացահայտման ուղղությամբ: Էլ չենք խոսում միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտության մասին, ինչը մշտապես բարձրաձայնվել է ընդդիմության, մասնավորապես` «Ժառանգության» կողմից: Բացի դրանից, մեզ համար անընդունելի է զեկույցի 11-րդ կետն ամբողջությամբ, ըստ որի ԵԽԽՎ-ին առաջարկվում է հայտարարել, որ վերջին համաներման, 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն ուղղված գործողությունների «նորովի խթանման եւ ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջեւ երկխոսության սկզբնավորման» արդյունքում «2008թ. մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո  փակված համարվել»: Տարրական տրամաբանությունն իսկ հուշում է, որ այդ էջը կարող է փակվել ոչ թե թվարկված գործընթացների արդյունքում, այլ երբ բացահայտված կլինեն 10 սպանությունների կատարողներն ու հրահանգ տվողները:

2. Տարակուսանք ենք հայտնում նաև Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ համազեկուցողների դրական գնահատականի կապակցությամբ. մի օրենսգիրք, որը ԵԽԽՎ 1609, 1677 բանաձևերի խախտմամբ ձևավորվել և ընդունվել է առանց խորհրդարանական ընդդիմության ներգրավման, վերջինի առանցքային առաջարկների լիովին անտեսմամբ: Ավելին` համազեկուցողների ներկայացրած տարբերակում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սասանել հանրային վստահությունը ընտրական գործընթացի և դրա արդյունքների հանդեպ: Եվ սա այն դեպքում, երբ Ընտրական օրենսգրքի արդեն սկսված կիրարկման պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանություններն ընտրել են ընտրությունների օրինականությունը վտանգելու ճանապարհը. ընտրական գործընթացի թափանցիկությունն արդեն իսկ ստվերված է, իսկ դրա հանդեպ հանրային վստահությունը` սասանված թեկուզ այն պատճառով, որ վերջերս ձեւավորված Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել են խորհրդարանական բոլոր կուսակցությունների նախկին կամ նոր ներկայացուցիչներ` բացառությամբ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության:

«ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանի ընդդիմադիր ուժերի տեսակետների անտեսումը կարող է լինել հրաշալի օրինակ, թե ինչպես ՉՊԵՏՔ Է տեղի ունենա ԵԽԽՎ-որևէ երկրի ընդդիմություն հարաբերությունը: Հուսով ենք, որ ի հեճուկս Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների կողմից ձևավորված` ընդդիմության անտեսման այս տխուր ավանդույթի, ԵԽԽՎ-ն հաշվի կառնի այս դիտարկումները և անհրաժեշտ շտկումներ ու փոփոխություններ կմտցնի Հայաստանին վերաբերող բանաձևի վերջնական տարբերակում», – նամակը եզրափակում են «Ժառանգության» ներկայացուցիները:

Tekali Taxi