Գլխավոր / Հայաստան / Գիտական հիմնարկի ֆինանսավորման տնօրինողը պետք է լինի գիտնականը. ՀԱԿ

Գիտական հիմնարկի ֆինանսավորման տնօրինողը պետք է լինի գիտնականը. ՀԱԿ

Սեպտեմբերի 1–ին կառավարության որոշմամբ փոփոխվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի իրավակազմակերպական կարգավիճակը՝ այն վերակազմավորվել է հիմնադրամի: Այս առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսի գիտության և կրթության հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ որոշման հետ առնչվող փաստաթղթերի և ԵրՖԻ գիտնականների բարձրացրած հարցերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինստիտուտի իրավակազմակերպական կարգավիճակը փոխելու հիմնական շարժառիթ է հանդիսացել «հիմնարար գիտությունը պետության կողմից ֆինանսավորելու պարտավորությունից խուսափելու վարչախմբի ռազմավարությանը համահունչ նպատակադրությունը»:

«Պատահական չէ, որ կայացված որոշման անհրաժեշտությունը հիմնավորվում է «լիազոր մարմնի ուղղակի ներգործության անհրաժեշտության բացակայությամբ»: Կառավարման ապակենտրոնացման քողի տակ ի կատար է ածվում Հայաստանի գիտական ներուժը փոշիացնելու՝ վարչակարգի գիտակցված քաղաքականությունը, ինչը հղի է գիտության ամբողջ համակարգի համար վտանգավոր հետևանքներով:

Հայ Ազգային Կոնգրեսի գիտության և կրթության հանձնաժողովը, կիսելով գիտական հանրության արդարացի մտահոգությունները, անհրաժեշտ համարելով կասեցնել կազմակերպությունը հիմնադրամի վերակազմավորելու գործընթացը, գտնում է

1)      Պետությունը պետք է երաշխավորի գիտահետազոտական ինստիտուտների կոլեկտիվների ու գիտական խորհուրդների՝ ցանկացած վերակազմավորման որոշում կայացնելու և ձևի ընտրության ազատ հնարավորությունը, ինչպես նաև գիտական կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ պայմանները.

2)      Հիմնարար գիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող հաստատությունների իրավակազմակերպական ձևը պետք է առավելագույնս բխի գիտության հիմնարար հետազոտությունների հատվածը պետության կողմից ուղղակի ֆինանսավորման անհրաժեշտությունից», – նշվում է հայտարարության մեջ:

Տեքստի հեղինակները նշում են, որ գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը արդյունավետ կարող է գործել միայն գիտության բնագավառում ներգրավված հանրության հետ ակտիվ համագործակցությամբ և իրականացվող գործընթացներին ու դրանց վերահսկմանը մասնակցության լայն հնարավորությունների ապահովմամբ:

«Գիտական ցանկացած հիմնարկի կենտրոնական միավորն ու ֆինանսավորման տնօրինողը պետք է լինի գիտնական–հետազոտողը», – հավելում են հայտարարության հեղինակները։

Tekali Taxi