Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ: Այս մասին չորեքշաբթի հայտնել են ադրբեջանական աղբյուրները, հստակեցնելով, որ առաջարկն արվել է վերջերս տարածաշրջան կատարած Ֆրանսիայի առաջնորդի այցի ընթացքում, և որ այն քննարկվել է և հաստատվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, գրում է «Նեզավիսիմայա գազետան»` նշելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է այս տեղեկությունները. «Ադրբեջանից վերջին շրջանում ինչ-որ տարօրինակ բաներ են դուրս գալիս»:
Այդ տարօրինակությունների թվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ հատման գծում պատ կառուցելու մասին ադրբեջանական ANS Press գործակալության տեղեկությունները: Քարե կառույցը կձգվի մոտ 3 կմ երկարությամբ, «որպեսզի պաշտպանի ադրբեջանական գյուղերը հայկական փամփուշտներից»:
Ոչ թե կառուցվող քարե պատը, այլ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամության պատը հերթական անգամ կփորձեն կոտրել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մինչև հոկտեմբերի ավարտը, գրում է «ՆԳ»-ն:
Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության վարչության երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին երեքշաբթի հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ղարաբաղյան հակամարտության արհեստական ձգձգման համար հնարավորություններ են ստեղծում:
Հուսեյնլին բողոքել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա սերտ ռազմաքաղաքական կապերից, որոնք տարածաշրջանում «ապակայունացման պատճառ են հանդիսանում», և մեղադրել է Երևանին միջազգային պարտականությունները խախտելու մեջ: Հայաստանի Ներքին զորքերի թե զինված ուժերը, թե անձնական կազմը խախտում են միջազգային պայմանագրերում ամրագրված թույլատրելի սահմանները, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը պատերազմի է պատրաստվում, այն դեպքում, երբ «Ադրբեջանը իր ձեռք բերած զինամթերքն ուղղում է իր էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը»:
ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը Էլչին Հուսեյնլիի հայտարարությունը անտրամաբանական է գնահատել: «Տարօրինակ է ադրբեջանական կողմից Հայաստանի հասցեին զենքի մրցավազքի մեղադրանքներ լսել: Հենց Բաքուն է սադրում նրան: Հենց Բաքուն է պնդում, որ հարցի ռազմական տարբերակով լուծումը չի բացառվում: Ադրբեջանը առհասարակ պետք է վերանայի իր դիրքորոշումը: Այդ երկրում ժողովուրդն այնքան էլ լավ չի ապրում, որպեսզի նման միջոցներ ծախսի սպառազինության վրա»,- կարծում է քաղաքագետը:
«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ փոխզիջման գնան, սակայան Ադրբեջանը չի ցանկանում որևէ բան զիջել և մեղադրում է ԵԱՀԿ-ին: Նա ցանկանում է ամեն ինչ հետ վերադարձնել այն տեսքով, ինչ տեսքով կար մինչը ԽՍՀՄ-ի փլուզումը, ինչն անհնարին է: Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` փոխարենը ստանալով Ղարաբաղի շուրջ 7 տարածքները. այս տարբերակը դեռ հնարավոր է, թե չէ 10 տարի հետո միգուցե այն նույնպես անիրականանալի դառնա»,- կարծում է Ալեքսանդրովը: