Նոյեմբերի 2-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ կապվել է Տավուշի մարզի Մեհրաբ համայնքում գտնվող 21127 զորամասի զինվոր, 1992թ. ծնված երևանցի Հովհաննես Եսայանը, ով հայտնել է, որ, ընդվզելով զորամասում տիրող խտրականության դեմ, իր դեմ է լարել իր պետերին` ի դեմս գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի:
Վերջիններս, ըստ զինվորի, օգտագործելով կենցաղային վեճը, որոշում են կայացրել հաշվեհարդար տեսնել նրա հետ` ուղարկելով դատարան: Հովհաննես Եսայանի խոսքերով, զորամասի ղեկավարությունը, սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին, հոգացել է, որպեսզի նա երկամսյա կալանքի դատապարտվի:
Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց զորամասի ղեկավարությունը այն չի տրամադրում զինվորին: Ըստ Հովհաննեսի, դա արվում է, որպեսզի սպառվի դատական բողոքարկման համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը:
Նախաձեռնությունը YouTube կայքում զինվորի խնդրանքով հրապարակել է հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն նաև ուղարկվել է Պաշտպանության նախարարություն: