Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ: Այսօր կեսօրին մեկնարկած ընտրություններում նա միակ թեկնածուն էր: Քանի որ Երևանի ավագանում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում (35-ը 17 ԲՀԿ-ականների դիմաց), պարզ էր, որ Մարգարյանն ընտրվելու է առանց խոչընդոտների, իսկ այսօրվա ընտրությունները ձևական բնույթ են կրում: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամներն ընտրությունից առաջ նույնպես հայտարարում էին, որ սատարելու են Տարոն Մարգարյանին:
Արդյունքում Տարոն Մարգարյանը ստացավ ընտրությանը մասնակցած բոլոր 49 ավագանու անդամների կողմ ձայները:
Ինչպես հաղորդեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուրեն Ներսիսյանը քվեարկությանը չեն մասնակցել ավագանու ՀՀԿ խմբակցությամբ անդամ Արա Մինասյանը (Սերժ Սարգսյանի խնամին-խմբ.) և ԲՀԿ-ական Գարեգին Գասպարյանը, ովքեր երկրում չեն եղել, և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նրա բացակայության պատճառների մասին ոչինչ չեն հայտնել:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել վերջին երկու քաղաքապետերի` Գագիկ Բեգլարյանի և Կարեն Կարապետյանի օրոք:
Մարգարյանը Երևանի թվով 54-րդ քաղաքապետն է: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի շենքում փակցրած են նախորդ 21 քաղաքապետերի լուսանկարները, բացառությամբ Կարեն Կարապետյանի նկարից: