Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը քաջարանցիների անունից հայտարարել է, որ իրենց գյուղն իրենք են պահելու, իրենք են գյուղի տերը և չեն պատրաստվում իրենց հողերը տալ: Աթայանն այսօր Երևանում հանդիպել է լրագրողների հետ և խոսել Քաջարանում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ գյուղի բնակիչները բնապահպանների աջակցությամբ պայքարում են Քաջարանի հարակից հողերի համար, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ օտարվել են և հանձնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
«Մենք Նախիջևանի սահմանը բացողը չենք (գյուղը գտնվում է Նախիջևանին մոտ – խմբ.) ծնվել ենք այնտեղ, ապրում ենք, վերանորոգում ենք 12-րդ դարի եկեղեցին, մեր գյուղը ապրում է: Մեզ չի հետաքրքրում ոչ մի փոխհատուցում, մեզ ոչինչ պետք չէ: Ապրում ենք այդ գյուղում ու մեռնելու ենք այնտեղ: Մորս նոր եմ թաղել, ում թողնեմ նրա գերեզմանը», – ասել է Աթայանը:
Նա պնդել է, որ ՀՀ կառավարության որոշումը պետք է չեղյալ համարվի:
Հարցին, թե ինչ մոտեցում ունի այս խնդրի վերաբերյալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Աթայանը պատասխանել է. «Իրենից հարցրեք, ամեն մարդ իր տեղն է պատասխանում»:
Նշենք, որ ասուլիսին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ այսօր ինքը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով տվյալ որոշումը քննարկել անմիջապես Ծննդյան տոներից հետո:
Սաֆարյանի խոսքով՝ շատ ավելի թանկ է քաջարանցիների գյուղում մնալու համառությունը և սահմանապահ էությունը, քան ցանկացած փոխհատուցում, որը կառավարությունը կարող է տալ նրանց:
«Պետությունն այնպիսի քաղաքականություն է որդեգրել , որ ուղղակի մի քանի տարվա մեջ ուզում է սպառել մեր հանքերն ու հարստանալ: Սա պետության կողմից իրականացվող քաղաքականություն է: Շատ շահավետ են մի շարք ընկերություններին տրված բազմաթիվ հանքերի շահագործման արտոնագրերը, և շատ մեծ շահույթ է բերում համաշխարհային շուկայում այս հումքի վաճառքը:
Այս խնդիրը չլուծելու դեպքում ամբողջ Հայասատանը շատ շուտով կվերածվի հանքերի ու պոչամբարների», – իր հերթին ասել է ասուլիսի մեկ այլ մասնակից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նման կարծիք է հայտնել նաև ասուլիսին ներկա բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ով նշել է` նախկին ծովից-ծով Հայաստանը վերածվել է պոչամբարից-պոչամբար հանքաստանի:
«Մենք թույլ չենք տա, որ ուրիշ պետությունների երեխաների բարեկեցությունը զարգանա մեր երեխաների դժբախտության հաշվին: Խնդիրն ավելի լուրջ պատկերացնելու համար շատ շուտով պատրաստ կլինի ականապատված, խոռոչներով ու թունավոր պոչամբարներով պատված նոր պատկերավոր Հայաստանը: Սա հայաթափման այն կոնկրետ ծրագրի մի մասն է, որ մեր իշխանությունները ուզում են իրականացնել ամեն գնով, մենք նստած ենք նրանց պղնձի ու մոլիբդենի վրա և խանգարում ենք իրենց հարստանալ», -ասել է Սուխուդյանը:
Բանախոսները վստահություն են հայտնել, որ միասնական պայքարի արդյունքում հնարավոր կլինի կանխել իշխանության կողմից իրականացվող մի շարք անօրինություններ:
Նրանք բոլոր մտահոգ քաղաքացիներին վաղը ժամը 11:00-ին հրավիրել են մասնակցել ՀՀ կառավարության դիմաց բնապահպանների ակցիային, որի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Լուսանկարը` Էկոլուր