Հայաստանցի Լևոն Արոնյանը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը նախապես չէին պայմանավորվել ոչ-ոքի խաղալ հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատային գերմրցաշարի վերջին տուրում: Այս մասին գրոսմայստերներն ասել են լրագրողների հետ զրույցում պարտիայի ավարտից հետո:
«Ես այսօր իրոք եկել էի խաղալու: Պատրաստվել էի պայքարի, բայց երբ Թեյմուրը քայլերի կրկնություն թույլ տվեց, ես, իհարկե, ուրախ էի ոչ-ոքիի համաձայնել», – ասել է Լևոն Արոնյանը: Հիշեցնենք, որ ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակեց 9 միավոր (7 հաղթանակ, 2 պարտություն, 4 ոչ-ոքի) և անհասանելի դարձավ հետապդնողների համար` որպե հաղթող ստանալով 10 հազար եվրո պարգևատրում: Ռաջաբովը երկրորդ տեղը բաժանեց նորվեգացի Մագնուս Կառլսենի և իտալացի Ֆաբիանո Կառուանայի հետ: Երեք գրոսմայստերներից յուրաքանչյուրը ստացավ 4,5 հազար եվրո:
«Ես զարմացած էի Արոնյանի ընտրած մեկնարկից: Ես կարծում էի, որ նա խաղալու է հաղթանակի համար, քանի որ նպատակ ունի ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնել: Այդ իսկ պատճառով միանգամայն այլ սկիզբ էի ակնկալում: Բայց ոչ-ոքին ինձ համար լավ արդյունք էր, քնաի որ ես անպարտելի մնացի մրցաշարում», – ասել է Թեյմուր Ռաջաբովը: Վերջինս 3 հաղթանակ տարավ և 10 պարտիաներ ավարտեց ոչ-ոքիով` դառնալով միակ գրոսմայստերը, ով մրցաշարում չճաշակեց պարտության դառնությունը:
Ինչ վերաբերում է Արոնյանի ցանկությանն առաջինը դառնալ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում, ապա, Լևոնի խոսքով, դա իր համար բացարձակապես կարևոր չէ: Նշենք, որ մրցաշարից հետո Արոնյանն ունի 2824 վարկանիշային միավոր, և նա ընդհուպ մոտեցել է նորվեգացի Մագնուս Կառլսենին, ու ակտիվում 2835 միավոր է: Մրցաշարի ընթացքում Արոնյանը կրճատել է տարբերությունը նորվեգացուց 18,5 միավորով: Ընդհանրապես Լևոնի ցուցանիշը երրորդն է շախմատի պատմության ընթացքում, նրանից շատ վարկանշային միավորներ են վաստակել միայն Կառլսենն ու Գարի Կասպարովը:
«Ես ցանկանում եմ հաղթել մրցաշարերում և աշխարհի չեմպիոն դառնալ, սակայն առաջին տեղը որևէ վարկանշային աղյուսակում` լինի դա ՖԻԴԵ-ի վարկածով կամ մեկ այլ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում», – ասուլիսի ընթացքում հայտարարել է Արոնյանը:
Նա նշել է, որ Վեյկ-ան-Զեեի մրցաշարը լավագույնն էր իր կարիերայում:
«Ես այլ լավ մրցաշարեր եմ ունեցել, բայց հաղթել Վեյկ-ան-Զեեում առանձնահատուկ մի բան է, քանի որ այն շախմատում նույնն է, ինչ Ուիմբլդոնը թենիսում», – ասել է հայաստանցի գրոսմայստերը:
Լուսանկարը` Fred Lucas