Home / Հայաստան / 6 կուսակցություն կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը. կանխատեսում

6 կուսակցություն կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը. կանխատեսում

Այսօրվա վիճակով Հայաստանում կա երկու հզոր խաղացող` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, հետո գալիս է ՀԱԿ-ը, ապա ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել է «Սոցիոմետր» վերլուծական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշել է, որ նշված կուսակցություններն ունեն իրենց շատ հստակ կայուն էլեկտորատը, որոնք  բավարար են իրենց 5 տոկոսի շեմն անցնելու համար և նրանք կարող են իրենց առջև ավելի շատ ձայներ ունենալու խնդիր դնել:

Սոցիոլոգը պատմել է, որ 2010 թվականից սկսած իր ղեկավարած կենտրոնը չորս հարցում է անցկացրել` գնահատելով ճգնաժամի ազդեցությունը սոցիալ-քաղաքական իրադարձությունների վրա: Նրանց նպատակն է եղել հասկանալ, թե գալիք ընտրությունները` թե’ խորհրդարանական, թե’ նախագահական, ինչ բովանդակություն կունենան: Արդյունքում կենտրոնի սոցիոլոգները պարզել են, որ գալիք ընտրություններին շեշտը կդրվի սոցիալ-տնտեսական հարցերի վրա, քանի որ մարդկանց առավելապես հենց դա է հետաքրքրում:

Ադիբեկյանի կարծիքով` այն կուսակցությանը, որը կտա տնտեսական իրավիճակի բարելավման առումով ավելի համոզիչ խոստում, ընտրողների ձայների ավելի մեծ բաժնեմասը կստանա: Այս առումով Ադիբեկյանը տեսնում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առավելությունը:

«Որովհետև այս երկու կուսակցություններն են որդեգրել տնտեսական հարցերի  լուծման ուղին, խորհրդարանական  մյուս կուսակցությունները ոնց որ զբաղվում են ավելի շատ մասնակի հարցերով: ԲՀԿ-ն զուտ տնտեսական խնդիրներ է դնում իր առջև, քաղաքականը, կարծես, նրա համար երկրորդական է: ՀՀԿ-ն բոլոր խնդիրներին համաչափ է  մոտենում, բայց, այնուամենայնիվ, ոնց որ թե ավելի պետականամետ կուսակցություն է:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին` նա փորձում է  հանդես գալ որպես ունիվերսալ կուսակցություն, որը զբաղվում է  բոլոր հարցերով: Դա էր պատճառը, որ նա ծայրահեղ ընդդիմությունից  շարժում կատարեց դեպի կենտրոնամետ ընդդիմություն: Նույնսիկ փոխեց իր բառապաշարը, կարգախոսները, բայց քանի որ չստացավ այն աջակցությունը, որը սպասում էր, հետ դարձավ դեպի ծայրահեղ ընդդիմություն, որը միշտ ուզում է  արմատորեն ամեն ինչ փոխել: Այդ առումով ՀԱԿ-ը ստիպված է բոլոր հարցերին տալ ինչ-որ մի պատասխան: Բայց խնդիրն այն է, թե որքանով ընտրողները կհավատան նրանց խոստումներին», – ասել է Ադիբեկյանը: