Հայաստանն ու Ադրբեջանը հաշվել են արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը, Վրաստանի տվյալները դեռ ամբողջությամբ հստակեցված չեն:
Այսպիսով, Ադրբեջանի տնտեսությունում ուղիղ ներդրումները ավելի քան 3 միլիարդ դոլար են կազմել, Հայաստանում այդ ցուցանիշը 1 միլիարդ դոլար է, Վրաստանում` 981 միլիոն: Այս տվյալները Newcaucasus.com-ում վերլուծում է Թամար Ներգաձեն:
Կարծիք կա, որ արտասահմանյան ներդրումային հոսքերի ծավալների համար առաջնային կարևոր գործոններից է կոնկրետ երկրում բիզնես միջավայրը: Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ այլ գործոնները առավել մեծ ազդեցություն ունեն: 2011 թվականին Վրաստանը բիզնեսի ծավալման հարցում ամենաբարենպաստ պայմանների ցուցանիշով նախկին ԽՍՀՄ երկրների մեջ առաջինն էր և 11-րդը աշխարհում: Ադրբեջանն ու Հայաստանը հետ էին մնացել, սակայն դա չխանգարեց նրանց Վրաստանից առաջ անցնել ներդրումների ծավալներով: Արտասահմանյան եկամուտների ներդրման ծավալներով Հարավային Կովկասի երկրների մեջ Ադրբեջանը բացարձակ առաջատար է: Եվ դա չնայած կոռուպցիայի բավական բարձր մակարդակին, և ընդհանուր առմամբ ոչ այնքան բարենպաստ բիզնես միջավայրի դեպքում. ածխաջրածնի պաշարներն իրենց գործն անում են:
Աշխարհաղաքական առումով ուշագրավ է հետևել Ադրբեջանում ներդրումների աշխարհագրությանը: Արտասահմանյան ներդրումներն այս երկրում 2011-ին 3,2 %-վ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Դրանց գրեթե կեսը (1,4 մլրդ դոլար) Ադրբեջան են ներդրվել Բրիտանիայից: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն, երրորդը Ճապոնիան է (290 մլն դոլար): Այնուհետև Նորվեգիան է (161 մլն դոլար), Թուրքիան (130 մլն դոլար), Չեխիան (125 մլն դոլար), Ֆրանսիան (56 մլն դոլար): Միջազգային Ֆինանսական կազմակերպություններից առավել մեծ ներդրումներով աչքի է ընկնում Համաշխարհային բանկը, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկը, Վերակաառուցման Ասիական բանկը: Ուշագրավ է, որ «առաջատարների խմբում» բացակայում է Ռուսաստանը:
Եթե Ադրբեջանում ներդրումների ծավալներն աճել են 3,2%-ով, ապա Հայաստանում հայտարարում էին 15% աճի մասին: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ արտասահմանյան ներդրումների աճը պայմանավորված է ներդրումային միջավայրի բարելավմամբ:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ներդրումային շուկայում էական տեղ է զբաղեցնում ռուսաստանյան կապիտալը:
Վրաստանում իրականացվող արտասահմանյան ներդրումներից 377 մլն դոլարը ԱՄՆ-ին է բաժին հասնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան: Հայաստանյան գործընկերոջ` բիզնես միջավայրի բարելավման շնորհիվ ներդրումների ծավալները մեծացնելու մասին կարծիքը կիսում է նաև Կոբալիան:
Վրաստանում ԱՄՆ-ից հետո խոշորագուն ներդրողն են Հոլանդիան, Դանիան: Այնուհետև միջազգային կազմակերպությունները: Խոշոր ներդրողների թվում են նաև Կիպրոսը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:
Սակայն Վրաստանում հակասական իրավիճակ է ստեղծվել: Համաշխարհային բանկի տվյալներով, 2010 թվականին Վրաստանը ներդրումների ծավալով 82-րդ տեղն էր զբաղեցնում, մինչդեռ բարենպաստ բիզնես միջավայրի առումով այն 12-րդն էր:
Ռուսաստանը, փոխարենը, վերջին ցուցանիշով 120-րդ տեղում է, այսինքն բիզնեսն այստեց մեծ ռիսկերի հետ է կապված: Սակայն, այդուհանդերձ, այն նկատելիորեն առաջ է Վրաստանից ներդրումների ծավալով: Հասկանալի է, որ հսկայական հումքային պաշարները գրավում են արտասահմանյան ներդրողներին, չնայած առկա ռիսկերին: Եթե Մոսկվան կարողանար առավել գրավիչ բիզնես միջավայր ստեղծել, Ռուսաստանում բազմակի անգամ կմեծացներ ներդրումների հոսքը: