«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցությունները համատեղ հռչակագիր են հրապարակել, որում նշում են, թե «հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար և մեզ հռչակում ենք միացյալ մեկ ամբողջություն, որտեղ հարգվում է անհատի մտքի ու արտահայտման ազատությունը և ապահովված է գաղափարների ու քաղաքական տարբերակների բաց, անկաշկանդ մրցակցություն»:
«Ուխտ նոր Հայաստանի» անունը կրող հռչակագրի մեջ կուսակցությունները նշում են, որ իրենց դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը և ազգային շահը:
«Այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաև` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար և ձևավորելու ենք նոր իշխանություն` նոր կառավարությամբ:
Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն: Մեր նպատակներն իրագործելու ճանապարհին բոլոր համախոհ անդամներով ստանձնում ենք անհատական պատասխանատվություն և հավաքական հանձնառություն քաղաքական վճիռների կենսակոչման համար: Մենք միատեղ ուխտ ենք անում անշահախնդիր և անմնացորդ հանրային ծառայության:
Մենք ազատ մրցակցային տնտեսության և սոցիալական շուկայի կողմնակիցներ ենք, իսկ քաղաքական ոլորտում նախապատվությունը տալիս ենք խորհրդարանական կառավարման տիպօրինակին», – հայտարարում են հռչակագրի հեղինակները:
Հռչակագրի մեջ անդրադարձ է կատարվում նաև արտաքին քաղաքականությանը: Մասնավորապես, կուսակցություններն ընդունում են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն պատմական արդարության, միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ճանաչման և հատուցման հիման վրա: Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Համաձայն հռչակագրի, եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը նույնպես պետք է սեղանին դնի իր նախապայմանները:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի խնդիրը պետք է լուծվի նրա ինքնիշխանության և ամբողջականության ճանաչման եղանակով: ԼՂՀ-ը նաև պետք է ինքնուրույն սերտաճի միջազգային և հատկապես` եվրոպական կառույցներում:
Ընդունելով հանդերձ Ռուսաստանի հետ իրավահավասար ռազմավարական և ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին քաղաքական ուղենիշ մենք համարում ենք հարաճուն ինտեգրումը եվրոպական հանրակարգերին` Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալու հեռանկարով», – եզրափակում է «Ուխտ նոր Հայաստանի» հռչակագիրը: