Home / Տեսանյութեր / Կառավարությունը սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ է հիմնադրել

Կառավարությունը սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ է հիմնադրել

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ գործադիրի որոշմամբ հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը։

Համաձայն ՀՀ կառավարության կայքի, հիմնադրամի նպատակներն են սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը և կիրառությունը, գիտական, գիտատեխնիկական և գիտաինովացիոն գործունեության իրականացումը, բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը։

«Ունենք մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսներ, որոնք այս գործի նվիրյալներն են, և նրանց ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք տարբեր հեղինակավոր կենտրոնների հետ կապեր հաստատել, ստանալ տեխնիկական և ֆինանսական օժանդակություն, – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Մի քանի միլիոն եվրոյի սարքավորում արդեն գտնվում է Հայաստանում, և իմ կարծիքով՝ այս կենտրոնը բավական հեռանկարային է։ Մենք նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ նախորդ ամիս այցելել ենք այդ կենտրոն։ Տեղում հնարավորություն ունեցանք ծանոթանալ հեռանակարային ծրագրերին, որոնք այսօր կան հիմնադրամում։ Այս որոշումը հիմնադրամին հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել և կայացնել այդ կենտրոնը»։

Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վասիլի Ցականովը: Հիմնադրամին 62 միլիոն 243 հազար 913 դրամի արժեքով գույք է տրամադրվել:

Tekali Taxi