Home / Հայաստան / Ազնիվ խաղ իսպանացիների և գերմանացիների կատարմամբ. նրանք ֆավորիտներն են

Ազնիվ խաղ իսպանացիների և գերմանացիների կատարմամբ. նրանք ֆավորիտներն են

Եվրո-2012-ը շարունակում է ուրախացնել: Ոչ միայն խաղերի դիտարժանությամբ, գեղեցիկ գոլերի առատությամբ, այլ նաև ազնիվ խաղի` «ֆեյր փլեյի» առկայությամբ: Ֆուտբոլասերները գիտեին, որ եթե B խմբի վերջին տուրում Գերմանիան պարտվի Դանիային 2:3 հաշվով, ապա հաջորդ փուլ դուրս կգան հենց այդ երկու թիմերը:

Նույն իրավիճակն էր ստեղծվել երեկ C խմբում, որտեղ եթե Իսպանիա-Խորվաթիա խաղը 2:2 հաշվով ավարտվեր, ապա այդ երկու թիմերը կհայտնվեին քառորդ եզրափակիչում` դուրս թողնելով Իտալիային:

Սակայն Գերմանիան և Իսպանիան պատվով դուրս եկան փորձությունից` հաղթելով մրցակիցներին և դեպի հաջորդ փուլ ճանապարհ հարթելով Պորտուգալիայի և Իտալիայի համար: Նրանք չպայմանավորվեցին, խաղացին մինչև վերջ, և այժմ կարելի է ասել, որ նրանք հարգանքի արժանի էին:

Այն, որ Իսպանիա-Խորվաթիա խաղում պայմանավորվածություն չկար, երկրպագուները հասկացան դեռևս առաջին խաղակեսում: Բավական լարված ու նյարդային պայքար էր ընթանում, և երկու թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնել հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսում նույն իրավիճակը պահպանվեց, բայց գոլի հեղինակ դարձան միայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները` մրցակցի անպաշտպան դարպասը գրավեց Խեսուս Նավասը:

Խաղի վերջնամասում Խորվաթիան ջանում էր փրկվել. անգամ 1:1 հաշիվը նրանց հաջորդ փուլ էր դուրս բերում, քանի որ զուգահեռաբար ընթացող Իտալիա-Իռլանդիա խաղում իտալացիները չկարողացան հաղթել խոշոր հաշվով` ընդամենը 2 գնդակ ուղարկելով իռլանդացիների դարպասը:

Այդ հանդիպումը մեկ րոպե ավելի շուտ ավարտվեց, իսկ Իսպանիա –Խորվաթիա խաղի վերջին ավելացված րոպեին խորվաթները տուգանայինի իրավունք ստացան: Իսպանացիների կիսադաշտ վազեց անգամ դարպասապահ Ստիպե Պլետիկոսան: Իտալացիները Պոզնանում անհամբեր սպասում էին այդ պահի ավարտին,սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց նրանց համար: Տուգանայինն անհաջող իրացվեց, և հնչեց մրցավարի սուլիչը:

Իսպանացիները, ինչպես նաև Գերմանիան նախորդ օրը, գլուխները բարձր հեռացան խաղադաշտից:

Ի դեպ, ինչպես առաջնության մեկնարկից առաջ, այնպես էլ հիմա կարելի է պնդել, որ հենց այդ երկու թիմերն են Եվրո-2012-ի ֆավորիտները:

Tekali Taxi