Home / Հայաստան / Սխալ է փոքր երեխային ասել` «քեզ բերել է արագիլը». սեքսապաթոլոգ

Սխալ է փոքր երեխային ասել` «քեզ բերել է արագիլը». սեքսապաթոլոգ

Սեռակրթությունը մարդու ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է և սեռական դաստիարակությամբ պետք է զբաղվել մարդու կյանքի հենց սկզբնական տարիներից՝ նորածնային հասակից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ԵՊԲՀ-ի կլինիկայի սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Սեռակրթությունը բաժանվում է մի քանի փուլերի և յուրաքանչյուր փուլ պահանջում է յուրովի մոտեցում: Կյանքի սկզբնական տարիներին երեխաներին միշտ հետաքրքրում է, թե որտեղից են իրենք լույս աշխարհ եկել, և նրանք սկսում են այդ հարցերն ուղղել ծնողներին ու դաստիարակներին՝ ամեն մեկը յուրովի, իր տերմինաբանությամբ, բայց շատ հազվադեպ ենք լսում, երբ ծնողը փորձում է տալ տարիքին համապատասխան ճիշտ բացատրությունը կամ մեկնաբանությունը», – ասել է մասնագետը՝ հավելելով, որ շատ հաճախ ծնողը դիմում է տարածված տարբեր տեսակի, բոլորին հայտնի մեթոդների և հնարքների:

«Մասնավորապես, երեխայի  այն հարցին՝ թե որտեղի՞ց է լույս աշխարհ եկել ինքը, ծնողը տալիս է հետևյալ պատասխանը՝ քեզ գտել ենք կաղամբի միջից, քեզ բերել է արագիլը կամ մեշոկ պապին, ու գնալով այս պատասխանների տարբերակները կատարելագործվում են», – ընդգծել է սեքսապաթոլոգը:

Նրա հավաստմամբ` վաղուց արդեն ժամանակն է վերախմբագրել այս մոտեցումները, որոնք հետագայում կարող են մի շարք խնդիրների առաջ կանգնեցնել թե ծնողներին, թե երեխաներին:

«Արդյունքում ունենք այն վակուումը, ինչը որ կա: Ուզում ենք լինել սեռակրթված, բայց չենք գտնում բանալիներ, որպեզսի բացենք այդ կողպեքները», – ասել է Շահրամանյանը:

Մասնագետը նշել է, որ սեռակրթությունը պետք է ներմուծվի դպրոցներում և բուհերում, ինչը հնարավորություն դեռահասներին ու երիտասարդներին բոլոր հարցերի ճիշտ պատասխանները ստանալ մասնագետներից:

«Եթե ավագ սերունդը կաշկանդվում էր, ապա գոնե  հիմա սկսենք մեզանից, որ մեր սերուդը գոնե իմանա, ինչպես ասել: Եթե ծնողը լռում է, երեխային սկսում է դաստիարակել փողոցը», – ասել է Շահրամանյանը՝ ավելացնելով, որ ծնողը պետք է հնարավորինս անկեղծ լինի երեխայի հետ ու նրա հետ զրուցելիս ընտրի տարիքին համապատասխան բառեր:

«Պետք չէ չիմացությունը ծածկել հեքիաթներով ու տարատեսակ պատասխաններով: Ինչ-որ բան չիմանալու դեպքում կարելի է երեխային պարզապես ասել՝ այս պահին չգիտեմ, կմտածեմ, կասեմ», – ասել է  Շահրամանյանը:

Tekali Taxi