Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի անվանումը զավեշտի է վերածված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
«Արի տուն, մի տուն, որից տնեցիներն են զանգվածաբար փախչում: Դու զավեշտի ես վերածում՝ կարգախոսդ դարձնելով «Արի տուն», եթե եկածներին չես կարողանում տիրություն անել», – ասել է Ալվրցյանը, օրինակ բերելով սիրիահայերին, որոնց խնդիրները լուծում չեն ստանում::
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականություն չունի, և հատկապես չունի քաղաքականություն տարածաշրջանում: Հայ համայնքի, Սփյուռքի նախարարության ամբողջ գործունեությունը դա է փաստում, ասել է Ալվրցյանը:
Խոսելով Ջավախքի արտագաղթի մասին՝ նա նշել է, որ այնտեղից ոչ միյան սոցիալ -տնտեսական պատճառներով է արտագաղթը շատանում, այլ նաև հայաստանյան իշխանությունների ոչ մինչև վերջ մշակված կամ սխալ քայլերի պատճառով: Ալվրցյանի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ Ջավախքը Սփյուռք են համարում:
«Երբեք Ջավախքը Սփյուռք մի համարեք, դա նույնն է, թե Արցախն էլ Սփյուռք համարենք: Եվ ինչու եմ սա ասում. Վրաստանի օրենքով երկքաղաքացիությունն արգելվում է: Վրաստանի ջավախքցի հայերին զանգվածաբար տալիս են քաղաքացիություն, անունները սիրուն կպցնում են, և նրանք բոլորը զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից: Սա էլ Ջավախքի հայաթափմանն ուղղված մեր հայաստանյան հանճարեղ գյուտի ներդրումն է», – ասել է Ալվրցյանը:
Ասոլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ Տաճատ Վարդապետյանը չի համաձայնել Ալվրցյանի «Արի տուն» ծրագրի վերաբերյալ արտահայտած դիրքորոշման հետ:
««Արի տուն» ծրագիրը, որ իրագործվում է Սփյուռքի նախարարության միջոցով, դա ոչ թե տնից արտագաղթած, դա հին տնից արևմտյան Հայաստանից գնացած մարդիկ են… այսօր մենք ուզում ենք, որ նրանք տուն գան, մայր հայրենիքի հետ կապ պահպանեն»,- ասել է Վարդապետյանը: