Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը տարօրինակ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գնում են տրոհման ճանապարհով, իսկ կոալիցիայի նախկին անդամ ԲՀԿ-ն դեռևս չի հայտարարել, որ հրաժարվում է իր համաձայնությունից սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ եզրակացնելով, որ նման իրավիճակում ընտրություններում հաղթելու համար նպաստավոր դիրքում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ընդդիմության միասնական թեկնածուն, եթե այդպիսին լինի, կունենա շանսեր, եթե լինի անկուսակցական՝ ընդունելի բոլոր ընդդիմադիր ուժերի համար:
Ըստ բանախոսի՝ ԱԺ-ում ազդեցիկ ուժ է ԲՀԿ-ն, որը, սակայն, քաղաքական որակներով չի տարբերվում իշխող ուժից: Մելիքյանի խոսքով՝ անիմաստ է Սերժ Սարգսյանի փորձերը կադրային փոփոխությունների իմիտացիա ստեղծելու:
«Ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ սխալ գործ են բռնել: Նման փիառ քայլերով հնարավոր չէ ժողովրդին համոզել, թե լավ իշխանություն են»,- ասել է Մելիքյանը:
Բանախոսի կարծիքով՝ 2013 թվականին ընտրված նախագահը պետք է լինի «համազգային համախմբման նախագահ», քանի որ արցախյան պատերազմի վերսկսման սպառնալիք կա այն դեպքում, եթե ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն և Թուրքիան փորձի Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել Հարավային Կովկասում: Մինչդեռ քաղաքական ուժերը, ընկած նախագահի աթոռի համար պայքարով, երկրորդ պլան են մղել Արցախի հարցը:
«Ժամանակն է, որ Հայաստանի նախագահը լինի ներսից ընտրված նախագահ, այլ ոչ թե ներդրված դրսից», – ասել է Մելիքյանը:
Այն հարցին, թե արդյոք ինքն առաջադրվելու է նախագահական ընտրություններում, Մելիքյանը պատասխանել է, թե այդ մասին որոշումը կայացնելու է այս ամիս: Հիշեցնենք, որ նա առաջադրել էր իր թեկնածությունը 2008 թվականի նախագահական ընտրություններին: