Home / Հայաստան / «Պետական դավաճանություն». երբ անիծելով դատախազին արդար դատ էին պահանջում, դատավորը դադարեցրեց նիստը

«Պետական դավաճանություն». երբ անիծելով դատախազին արդար դատ էին պահանջում, դատավորը դադարեցրեց նիստը

Պետական դավաճանության հոդվածով 6 դատապարտվածների վերաքննիչ բողոքի քննության հերթական դատական նիստը (դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ) այսօր դրամատիկ ավարտ է ունեցել, դատը վերածվել է քաշքշոցի:

Հիշեցնենք, որ սույն գործի մասին առաջին ատյանի դատարանի վճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, մեկ այլ ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը և հանցագործությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատապարտվել են 10 տարի ազատազրկման, հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Արթուրի եղբայր Դավիթ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է  500.000 դրամի չափով տուգանք:

Այսօր վերաքննիչ բողոքի իր հիմնավորումներն է ներկայացրել Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը՝ ասելով, որ դատավճիռն անարդար է, բացարձակապես անհիմն: Փաստաբանը հիմնավորել է, որ Ռոմիկի դեմ օգտագործված իրեղեն ապացույցներն են միայն Կարեն Մեհրաբյանի ցուցմունքը նրա դեմ, որն ի դեպ դատաքննության փուլում Մեհրաբյանը հերքել է:

Փաստաբանն իր ելույթում նաև նշել է, որ քննչական մարմնի թույլ տված բազմաթիվ քրեական օրենքների խախտումներից բացի, խախտվել է նաև ամբաստանյալների անմեղության կանխավարկածի սկզբունքը, երբ Հ1-ը  ֆիլմ, իսկ «Շանթ» հեռուստատեսությունը հաղորդում է ցուցադրել ամբաստանյալների հայրենիքի դավաճան լինելու մասին դեռ ապրիլին, մինչդեռ նման դատավճիռ կայացվել է միայն մայսիսի 4-ին:

«Ես չեմ ծանոթացրել Կարենին Սայիդի հետ: Իսկ Տիգրանին չեմ ճանաչում: Սայիդին երկու անգամ եմ տեսել: Ճիշտ է, առաջին անգամ Սայիդը առաջարկել է ինձ թմրանյութի գործ անել, սակայն դա իմ բարոյական սկզբունքներին դեմ էր: Հետո նրանից հեռու էի մնում: Երկրորդ անգամ Սայիդի մասին լսել եմ Կարենից: Նա հարցրել է՝ արժի աշխատել Սայիդի հետ, ես խորհուրդ չեմ տվել», – ասել է Ռոմիկ Մաթևոսյանը իր ելույթում:

Նա նաև ասել է, որ հասկանալի է՝  կարելի է մտածել, որ մի շահ ունեցել է Հայաստանից նոր եկած և անտուն Կարեն Մեհրաբյանին տեղավորելու համար, սակայն Ռոմիկը հայտարարել է, որ դա արել է, քանի որ միայնակ հային դժվար է մնալ Թուրքիայում առանց օգնության:

Դատավորն այն հարցին, թե ինչ է կարծում՝ ինչու է Կարեն Մեհրաբյանը հայտատարել, թե ինքը օգնել է իրեն՝ Ռոմիկը պատասխանել է.

«Չգիտեմ: Կամ Մեհրաբյանին ստիպել են դա անել, կամ ԱԱԾ աշխատակիցները մեղմ պատիժ են խոստացել, նրանց հրահանգով է իմ դեմ գրել»:

Իր մեղադրանքի պաշտպանության ճառն է սկսել դատախազ Արամ Ամիրզադյանը:

Նա հիշեցրել է Մեհրաբյանի նախաքննական ցուցմունքները Աշոտ Չտրկյանի դեմ, որոնք ևս Մեհրաբյանը դատարանում հերքել է:

Այդ պահին Չտրկյանի նյարդերը տեղի են տվել, նա փորձել է հարձակվել դատախազի վրա՝ բղավելով, թե «սուտ ես խոսում», ինչպես նաև վանկարկելով՝ «Սաֆարովը դու ես»:

Մինչ 8 կարգադրիչները ուժով գցել են Չտրկյանին գետնին՝ թույլ չտալով մոտենալ դատախազին, ապա դահլիճից հեռացրել նրան, ողջ մարդաշատ դահլիճը շարունակել է վանկարկել «արդար դատ», հնչել են անեծքներ դատախազի հասցեին:

Դատավորը դադարեցրել է նիստը և հեռացել դահլիճից՝ առանց հաջորդ նիստի օրը նշանակելու:

Tekali Taxi