Ամենացավալի փաստն այն է, որ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում ամեն անգամ հրամցվում է հինը, մինչդեռ նոր դեմքերի անհրաժեշտություն կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նախորդ ասուլիսին հայտարարել էր 2013 թ. ընտրություններին առաջադրվելու իր մտադրության մասին:
Նրա խոսքով՝ եռանախագահության միջև (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) ընտրությունից պետք է դուրս գալ՝ անկախ նրանից՝ լավն են այդ նախագահները, թե վատը:
«Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակի գրավականն այն էր, որ նա իշխանության մեջ չի եղել», – ասել է Կարապետյանը՝ համեմատականներ անցկացնելով հայաստանյան իրավիճակի և Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջև:
Պատասխանելով հարցին, թե ում կարող է առաջարկել Հայ Ազգային Կոնգրեսը գալիք նախագահական ընտրություններին, Արամ Կարապետյանն ասել է, որ ՀԱԿ-ը, բացի Տեր-Պետրոսյանից, չի կարող այլ թեկնածու ունենալ, քանի որ մյուս դեպքերում անիմաստ կլինի քաղաքական պայքարի մեջ մտնել:
Արամ Կարապետյանը նշել է նաև, որ իրեն այդքան չի հետաքրքրում ընտրությունների ընթացքը, որքան նախընտրական և հետընտրական զարգացումները: