Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում հիշել է կոալիցիոն հուշագիրը

Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում հիշել է կոալիցիոն հուշագիրը

ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը չի բացառում, որ նախագահական ընտրություններին ընդառաջ կլինեն նոր հուշագրեր կամ համաձայնագրեր:

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրել են, թե որքանով է  վարչապետը հավանական համարում ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուով մասնակցելը, և արդյոք դա կլինի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը:

«Քաղաքական գործընթացներն այնքան արագ են ընթանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել: Բայց փաստը մնում է փաստ՝ այսօր մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանելու են գործող նախագահին: Հիմա մենք այդ փաստաթուղթը ունենք, որևէ այլ նախագիծ, կամ այլ քննարկվող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀԿ-ում, այս պահի դրությամբ չունենք»,-  ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ երբ մոտենան նախագահական ընտրությունները, կհստակեցվի, թե ովքեր են ցանկանում մասնակցել այդ ընտրություններին: Այսօրվա դրությամբ վարչապետը ոչինչ չի բացառել՝ ընդգծելով, որ կարող են լինել նոր համաձայանգրեր, նոր հուշագրեր, որտեղ կֆիքսվի, թե քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում պետք է ունենան ընտրությունների ժամանակ: