Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:
Դատարանում այսօր ցուցմունք է տվել նույն օրը ծեծի ենթարկված և գործով որպես տուժող անցնող 32-ամյա զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը: Նա պնդել է, որ իրեն և ընկերներին ծեծել են ոչ թե 5-6, այլ 15-20 հոգով: Նշենք, որ մեղադրյալի աթոռին այսօր նստած են Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, որոնք, ըստ դատարանին ներկայացված փաստաթղթերի, աշխատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
Ներկայացնելով հունիսի 17-ին տեղի ունեցածը՝ Բայադյանը նշել է, որ այդ օրն առավոտյան իրեն զանգահարել է Վահե Ավետյանը, որպեսզի պայմանավորվեն, թե ինչպես են նշելու իրենց ընկերոջ՝ Արկադիի ծնունդը:
Ընկերները հանդիպել են Զեյթունում գտնվող Yerevan City սուպերմարկետի մոտ՝ գնումներ կատարելու համար: Այդտեղ նրանց միացել է Վահեի ընկերներից մեկը՝ Դիանան: 16:30-ին ընկերներն արդեն տեղավորվել են Արզնի ձորում: Քանի որ տրամադրված են եղել իրենց ընկերոջ ծնունդը նաև երաժշտությամբ շնորհավորել և քանի որ արդեն մթնում էր, տղաները որոշել են քաղաքում խնջույքը շարունակել:
Երիտասարդները զանգել են իրենց ընկեր երգիչ Դավիթին:
«Ես ու Վահեն Դավիթին վիրահատել էինք ու հետո ընկերներ էինք դարձել: Դավիթը աշխատում էր «Հարսնաքարում», ու զանգեցինք, մեզ դիմավորեց», – պատմել է Բայադյանը:
Տղաները տեղավորվել են, Վահեն գնացել է ձեռքերը լվալու ու 10 րոպեից հետո վերադարձել է անտրամադիր: Նա ուզեցել է հեռանալ, սակայն դուրս գալիս հարցրել է՝ երբ է փակվում ռեստորանը: Երբ մատուցողը պատասխանել է, թե կեսգիշեին, նա որոշել է Արկադիի հետ գնալ փոխել տաբատը, ինչպես իրենից պահանջել են ռեստորանում: Մյուս ընկերները վերադարձել են սեղանի մոտ:
«Երբ հետ եկանք, ես նկատեցի, որ Էդգարին մի մարդ՝ գեր, թիկնեղ, ինչ-որ հարցեր էր տալիս: Մոտեցա՝ պարզվեց, որ հարցնում է՝ «ով է հայհոյել»: Մենք ասեցինք, որ ոչ ոք»,- պատմել է տուժողը:
Դատարանում բազմիցս հնչեց մի հարց՝ ում ուղղված հայհոյանքի մասին է խոսքը: Բայադյանը պատասխանել է, որ չեն հետաքրքրվել, որովհետև իրենցից ոչ ոք չէր հայհոյել: Շուտով Վահեն ու Արկադին վերադարձել են:
«Երբ մատուցող Դավիթը մոտեցավ, Վահեն հարցրեց՝ «Կարող ա՞ գլխարկս էլ հանեմ», իսկ մատուցողն ասաց՝ «Կարող ա՞ կայֆավատ ես լինում» ու Վահեին հրավիրեց դուրս: Ես չմտածեցի, որ լուրջ հարց կա: Մի քանի րոպեից գնացի, տեսա Վահեի քթից արյուն է գալիս ու նա գնում է լվացվելու»,- ասել է վկայություն տվողը:
Այդ ընթացքում Բայադյանը նկատել է, որ «թիկնապահ Նորայրը նկատողություն է անում մատուցող Դավթին՝ ասելով «մենք ստեղ կանգնած, ինչեր ես քեզ թույլ տալիս»»:
Բայադյանին ու ընկերներին ասել է՝ եկեք գնանք դուրս: Դրսում՝ ավտոկայանատեղիում, նրանց այլ անձինք են սպասելիս եղել: Վերջիններս հարձակվել են ընկերների վրա, երբ նա լվացվելուց հետո մոտեցել է:
Բայադյանի խոսքով՝ իրենք չեն մտածել, որ ծեծի են ենթարկվելու, քանի որ դուրս են հրավիրել «ջանով-ղուբանով»՝ միայն ճամփին անընդհատ հարցնելով՝ «ով է հայհոյել»:
Բայադյանը կորցրել է գիտակցությունը: Երբ նրան Էդգարը արթանցրել է, տպավորություն է ունեցել, որ «անմարդաբնակ տեղում է», քանի որ ոչ ոք կողքին չի եղել, իսկ ընկերները իրարից 5-10 մետր հեռու ընկած են եղել:
«Վահեն անհավանական ծալապատիկ ընկած էր, խռռոցով հազիվ շնչում էր: Էդգարը Վահեյի ավտոն մոտեցրեց, էդ ժամանակ էլ ոչ ոք չկար, որ օգներ: Տեղափոխեցինք հիվանդանոց, ասեցին, որ ուղեղի գծի շեղումը 45 մմ է, արդեն հասկացանք, որ հույս չկա», – պատմել է Բայադյանը:
Հարցուպատասխանի ժամանակ Բայադյանը հստակ չի կարողացել ասել, թե իրեն ով է հարվածել, քանի որ շատ արագ կորցրել է գիտակցությունը:
Տուժողը նշել է նաև, որ իրենք օրվա ընթացքում շատ չեն խմել՝ յուրաքանչյուրը 150 գրամ Արզնիում և մեկական բաժակ՝ «Հարսնաքարում»:
Դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտին: Բայադյանի հարցաքննությունը շարունակվելու է նոյեմբերի 6-ին: