Home / Հայաստան / «Ուրալի» վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. նրանք պատմել են՝ որն է վթարի պատճառը

«Ուրալի» վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. նրանք պատմել են՝ որն է վթարի պատճառը

Երեկ երեկոյան ԼՂՀ-ի Քարվաճառ բնակավայրի Հարուրի ձորի մոտակայքում «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով տուժած զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողներին հայտնել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալի Նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տուժածները հոսպիտալում տեղակայված են ըստ պրոֆիլային բաժանմունքների: Առավել ծանր վիճակում գտնվող 5 զինվորականներ վերակենդանացման բաժանմունքում են, մյուսները՝ տարբեր բաժանմունքներում:

Արման Հակոբյանի խոսքով՝ առայժմ վաղ է խոսել տուժածների վիճակի մասին:

Նրանց մոտ առկա են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ, սակայն գերակշռում է գանգուղեղային տրավման: Ամենածանրը Արթուր Եղիազարյանի վիճակն է, ում մոտ առկա է կրծքային 6-րդ ողի կոտրվածք: Արթուր Եղիազարյանին վիրահատել են. կոտրված ողը վերականգնվել է:

Հիվանդների առողջացումը կտևի մեկ շաբաթից մեկ ամիս:

ԼՂՀ Պաշտպանական բանակից Epress.am-ին հայտնել են, որ, ըստ նախնական վարկածի, վթարի պատճառը հանդիպակաց մեքենան էր: Զինվորներից շատերը պատմել են, որ հանդիպակաց մեքենան լույսերը գցել էր իրենց վարորդի աչքերին, որը փորձել է փախցնել մեքենան՝ լայն շրջան վերցնելով, սակայն հողը մեքենայի տակից փախել է:

Հիշեցնենք, որ պատահարի հետևանքով զոհվել են «Ուրալի» վարորդը՝ Արթուր Երեմյանը, ինչպես նաև Մանվել Աբիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը: Վերջին երեքը Արմավիրի մարզից էին, վարորդը՝ Արագածոտնի մարզից:

Վիրավորվածներն են`

  1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
  2. սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
  3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
  4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
  5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
  6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
  7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
  8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
  9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
  10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
  11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
  12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
  13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,
  14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
  15. շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից: