«Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու, գրում է «Հրապարակը»՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Գենդերային այդ խաղաքարտը, որպես «նոու-հաու» ներմուծելով քաղաքական դաշտ, ԱԴ-ն փորձելու է նախընտրական պայքարին ոչ միայն գաղափարական նոր իմպուլսներ հաղորդել, այլև արևմտյան արժեհամակարգը կրողների համար նոր հարթակ ստեղծել, որովհետև, ըստ նրանց, Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ի հետ «տորգի» մեջ մտնելու նպատակով», – գրում է թերթը։
Ըստ նույն աղբյուրի՝ ԱԴ լիդերները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայմանավորվել են, որ որևէ կոնտակտ ԲՀԿ-ի հետ չեն ունենալու՝ ոչ մի պայմանով։
«Առինջը (այստեղ է բնակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը – խմբ.) մեզ համար ընդամենը աշխարհագրական տարածք պետք է լիներ, ուրիշ ոչինչ, սակայն Րաֆֆին երկակի խաղ սկսեց նախ Օսկանյանի, ապա ԲՀԿ-ի հետ, ինչն էլ դարձավ նրանց պառակտման պատճառը», – թերթին հայտնել է աղբյուրը։
«Հրապարակը» փորձել է Անուշ Սեդրակյանից ճշտել՝ առաջադրելո՞ւ է ԱԴ-ն իր թեկնածուին առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։
«Առայժմ քննարկումներն ընթանում են, մենք դեռ վերջնական որոշում չունենք»,– պատասխանել է Սեդրակյանը։
Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ գործակալություն, fdp.am կայքից: Ձախից աջ՝ ԱԴ անդամներ Անուշ Սեդրակյանը, Ալեքսանդր Արզումանյանը և կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը