Home / Հայաստան / Մշակույթի նախարարությունը «Փակ շուկայի» հարցով դիմել է քաղաքապետարան

Մշակույթի նախարարությունը «Փակ շուկայի» հարցով դիմել է քաղաքապետարան

Փակ շուկայում վերսկսված շինարարական աշխատանքները չեն համապատասխանում Մշակույթի նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Նախարարության պաշտոնական կայքը:

«ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 6-ին Մշակույթի նախարարությունը պահանջել էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով:

Սակայն այդ պահանջը չի կատարվել և շինարարությունը շարունակվել է, ինչի մասին ահազանգել են  քաղաքացիական ակտիվիստները և համայնքի բնակիչները:

Լուսանկարը՝ Facebook սոցցանցի Մամիկոն Սիմոնյան օգտատիրոջ էջից