Home / Հայաստան / «Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի». Սեյրան Օհանյան

«Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի». Սեյրան Օհանյան

Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում մասնակցել է մայիսի 15-ին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը, որից անմիջապես հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը զրուցել է նախարարի հետ:

Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը ԵրևանՍևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

Դա ինչ երևույթ էր, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն

– Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:

– «ՀԺ»­ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

– Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:

Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:

– Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:

Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

– Ի՞նչը:

Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում…

Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

– Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

– Շատ: Շատ:

Բարձրաստիճան՝ նախարարի տեղակալ շտաբի պետ...

– Շատ: Շատ:

Անուն տվեք, մի հոգու անուն:

– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

Քրեական պատասխանսւտվոթյան ենթարկվե՞լ է որևէ մեկը:

– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն: