Home / Հայաստան / Ոստիկանները ակտիվիստներին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն չթողեցին. ակցիա` ի հիշատակ Վահե Ավետյանի

Ոստիկանները ակտիվիստներին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն չթողեցին. ակցիա` ի հիշատակ Վահե Ավետյանի

Այսօր լրանում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան առաջին տարելիցը. քաղաքացիական ակտիվիստների մի խումբ այդ կապակցությամբ մոմավառություն էր կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանի մոտ, որտեղ Ավետյանը 2012-ի հունիսի 17-ին ծեծի էր ենթարկվել և 12 օր անց ստացած վնասվածքներից մահացել:

Արդեն մի քանի ամիս է գործով դատական նիստը շարունակում է. որպես մեղադրյալ են ներգրավված ՀՀԿ-ական, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները: Քաղաքացիական ակտիվիստներ բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով պարզել դեպքի իրողությունը և որպես մեղադրյալ ներգրավվել նաև Ռուբեն Հայրապետյանին: Նախաքննությունը, սակայն, ապացուցված է համարել, որ Հայրապետյանը դեպքի պահին ռեստորանային համալիրում չի եղել և ծեծի մասին ավելի ուշ է տեղեկացել:

Այսօրվա ակցիայի ժամանակ ակտիվիստները ձեռքերին ունեին «Ես Վահե Ավետյանն եմ», «Օլիգարխիան 2:0-ով հաղթեց հայկական բանակին» գրությամբ պաստառներ:  Հավաքվածները փորձել են հավաքվել անմիջապես «Հարսնաքարի» մոտ (նրանք ռեստորանն անվանել են հանցաքար) և տեղադրել հուշաքար, որի վրա գրված էր՝ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» և որի վրա պատկերված էին բանակի և բժշկության խորհրդանիշները:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց հուշաքարը տեղադրել՝ ասելով, որ քաղաքապետարանը նախապես զգուշացված չի եղել, իսկ միջոցառման մասնակից, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատասխանել է, որ քարը դրվելու է անկախ ոստիկանների կամքից: Երկար քաշքշուքից հետո՝ ակտիվիստներին հաջողվել է քարը ամրացնել գետնին՝ «Հարսնաքարի» դիմաց:

«Մեծ մարդ եք, ամոթ չեք անու՞մ», – այդ ընթացքում քարը տեղադրող  ակտիվիստներին ասում էր Վալերի Օսիպյանը:

Հուշաքարի տեղադրելուց հետո ելույթներ են հնչել:  

«Այն, ինչ տեղի է ունենում դատարանում, ապտակ է մեզ բոլորիս: Մինչև այս հանցագործության մեղավորները չպատժվեն, մենք չպետք է հանգիստ քնենք», – , մասնավորապես, հայտարարել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Այնուհետև հավաքվածները միասին «Հայր մեր»-ն են երգել, վառել մոմերը ու դրանք  դրել հուշաքարի մոտ: 

Դրանից հետո ակտիվիստները փորձել են անցել փողոցը և երթ անցկացնել դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որը գտնվում է «Հարսնաքարից» ոչ շատ հեռու:

Դա անել ոսիտկանությունը թույլ չի տվել: Նշենք, որ դեռ միջոցառումից ժամեր առաջ փակված էր նաև դեպի ռեստորան տանող ճանապարհը:

Քաղաքացիները փորձում էին բացատրել ոստիկանության աշխատակիցներին, որ  իրենց երթը անօրեն չէ,  բայց անօգուտ: Ակտիվիստները սկսել են բղավել՝ «Ամոթ», «Սերժիկ, մարդասպան», «Նեմեց (Ռուբեն Հայրապետյանի կեղծանունը) մարդասպան», հանցագործ Օսիպյան:

Անհաջող փորձերից հետո ակտիվիստները վերադարձել են «Հարսնաքարի» տարածք և տեսել, որ հուշաքարը անհետացել է:   

Լուսանկարը՝ lurer.com

Tekali Taxi