Home / Հայաստան / Կինը ակտիվ է, երբ «չբավարարված» է. հարցումը վերհանել է հայաստանյան կարծրատիպերը

Կինը ակտիվ է, երբ «չբավարարված» է. հարցումը վերհանել է հայաստանյան կարծրատիպերը

Հայաստանում կանանց կողմից քաղաքական իրավունքների իրացման հիմանխնդիրների վերաբերյալ սոցոլոգիական հետազոտություն է անցկացվել, որը ցույց է տվել, որ կանայք քաղաքական գործունեությամբ զբաղվելիս հատկապես պետական ապարատի վերին օղակներում ավելի շատ խոչընդոտների են հանդիպում, քան տղամարդիկ, և վերջիններիս հանդեպ միայն մի առավելություն ունեն՝ կանանց համեմատաբար քիչ են ապօրինի բերման ենթարկում ոստիկանություն:

Գործունեությունը բարդացնող գործոնների շարքում կանանց հուզում է այն, որ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում կին քաղաքական գործիչների հետ առաջին հերթին խոսվում է այն բանից, թե կինը ինչպես է համատեղում աշխատանքը տնային գործերի հետ: Հարցվածներից ոմանք, օրինակ, պնդել են, որ ԶԼՄ-ները գրում են, թե կինը  ակտիվ գործունեությամբ է զբաղվում, եթե միայն «մարդաթող» է, «չբավարարված»: Ընդ որում՝ հարցումների մասնակից տղամարդիկ ևս կարծիք են հայտնել, որ կինը զբաղվում է ակտիվ գործունեությամբ, եթե միայն «սեռական անբավարարված է կամ դիսֆունկցիոնալ»: Կարծիք է հնչել նաև, որ նման կանանց անհնար է պատկերացնել անկողնում:

Այլ խոչընդոտների շարքում կանայք նշել են, որ մասնագիտական պատրաստվածությունը հիմք չի հանդիսանում, որպեսզի կինը իրավունք ունենա զբաղվել գործունեությամբ, մինչդեռ տղամարդու համար  մասնագիտական պատրաստվածության վատ մակարդակն էլ հիմք չէ հեռացվելու համար: 

Հետաքրքրական է, որ կանայք իրենց գործունեությունը շատ լավ կատարելու պարտականություն են զգում, քանի որ մտածում են, որ իրենց անհաջողությունը կարող է «խայտառակել» բոլոր կանանց և հիմնավորել առանց այն էլ գոյություն ունեցող  կարծրատիպերը: Հարցված կանայք, խոսելով իրենց պաշտոնից, ընգծել են, որ հասել են պաշտոնի  իրենց արժանիքների շնորհիվ,  սակայն հատուկ հավելել են, որ շատ շնորհակալ են իրենց ամուսիններին, որ թույլ են տալիս զբաղվել նման գործունեությամբ: Ամուսնալուծված կանայք էլ հարկ են համարել նշել, որ իրենց մեծ գիտելիքները հանրությանը ծառայեցնելուն ամուսնու դեմ լինելն է պատճառ հանդիսացել ամուսնալուծության համար: Քաղաքական գործունեությամբ զբաղվող կանանց խրախուսողը ընտանիքում միշտ հայրն է եղել, իսկ մայրը, ընդհակառակը, դեմ է եղել դստեր ակտիվ լինելուն այն հիմքով, որ չի ցանկացել, որ «թոռները դժբախտ լինեն»:

Հետազոտությունը փաստել է, որ ընտանիքի գործերի հետ աշխատանքի համատեղելիությունը ավելի մեծ խնդիր է 45-ից բարձր կանանց համար: Նրանց շրջանում ոմանք մեծ նվաճում են համարել, օրինակ, այն, որ չեն կատարում «թերթ կարդացող ամուսնուն մի բաժակ ջուր» մատակարարելու պարտականությունը, երբ գալիս են տուն՝ աշխատանքից հոգնած:

Հարցումներին մասնակցել է 25 հոգի՝ 12 տղամարդ և 13 կին, ընդ որում՝ նրանք բաժանվել են խմբերի ըստ նրա, թե ընտրվել են պետական պաշտոնում, նշանակվել են, թե ազատ՝ իրենց նախաձենռությամբ են զբաղվում հասարակական գործունեությամբ՝ թերթի խմբագիր են, մասնակցում են երթերի ու ցույցերի:

Հարցումները ցույց են տվել նաև, որ 35 տարեկանից բարձր հարցվածները քաղաքական ասպարեզ են մտել Ղարաբաղյան շարժումից հետո, նույնիսկ եթե իրենք անձամբ կապ չեն ունեցել շարժման հետ, իսկ 35 տարեկանից ցածր մասնակիցները՝ 2008 թվականի շարժումից հետո: 

Հետազոտության արդյունքներն այսօր «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ում ներկայացրել է սոցիոլոգ Գայանե Ղազարյանը: