Home / Հայաստան / «Հայտնի է որպես կռվարար, բանսարկու». Սպիտակի քաղաքապետարանն առաջարկում է թյուրիմացության մեջ չգցել

«Հայտնի է որպես կռվարար, բանսարկու». Սպիտակի քաղաքապետարանն առաջարկում է թյուրիմացության մեջ չգցել

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը չի հարվածել 71-ամյա Լևիկ Մարյանին: Այս մասին ասված է Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի մամուլի հաղորդագրության մեջ, որի հեղինակները դժգոհություն են հայտնում հայաստանյան ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների կապակցությամբ:

Նշենք, որ Լևիկ Մարյանը բողոքել է քաղաքապետի դեմ՝ պնդելով, որ հուլիսի 9-ին վերջինս հարվածել է իրեն,որի հետևանքով ինքը ընկել է ու մարմնական վնասվածքներ ստացել: Գագիկ Սահակյանի նկատամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ):

Սպիտակի քաղաքապետարանը պնդում է, որ քաղաքապետը Մարյանին չի հարվածել և առաջարկում է տեղի ունեցածի իր վարկածը՝ պնդելով, որ ԶԼՄ-ները խեղաթյուրում են տեղի ունեցածի իմաստը՝ գրելով, որ քաղաքապետը ծեծել է բնակչին: Հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքապետը այցելել է Տեր-Սիմոնյան փողոց՝ ծանոթանալու ոռոգման ջրի կարգավորման հետ կապված խնդիրներին: Սահակյանը զրուցել է բնակիչների հետ, քննարկել խնդիրը:

«Հանդիպման ժամանակ նույն թաղամասի բնակիչ Լ.Մարյանը, տեսնելով քաղաքապետին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անպատիվ և անպարկեշտ արտահայտություններ է արել Սպիտակի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի հասցեին: Մարյանի անվայելուչ և գռեհիկ բառերին քաղաքապետը չի արձագանքել, չի տրվել սադրանքներին, այլ բռնել է թևից և ասել. «Մի կողմ գնա՛, գնա՛, նստիր մեքենադ ու հեռացիր»:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Լևիկ Մարյանը Սպիտակի հասարակության մեջ հայտնի է որպես կռվարար, բանսարկու, էմոցիոնալ անկանոն բնավորությամբ: Այսպիսի նկարագրով մարդու ստահոդ հայտարարությամբ «միջադեպը» դարձել է լրատվամիջոցների քննարկման և տարածման նյութ և նպատակ ունի քաթարել քաղաքում ստեղծված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, վնաս հասցնել Սպիտակի քաղաքապետի բարի համբավին…

…Վերոգրյալից ելնելով՝ հարգելի լրագրողներ, խնդրում ենք հաշվի առնել փաստերը, չխաթարել խոսքի ազատության իմաստը, սպասել հարուցված քրեական գործի ավարտին, նյութը հրապարակելուց առաջ կատարել համապատասխան ուսումնասիրություններ և հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել»,- ասված է Սպիտակի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Tekali Taxi