2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լոս Անջելեսում 90 օրով հետաձգել են հայկական մշակութային կենտրոնին տարածքի տրամադրումը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, համայնքային խմբերի ճնշման տակ գտնվելով, խնդրել է իրեն 90 օր տրամադրել՝ չգործող հրշեջ կայանը հայկական թանգարանի և մշակութային կենտրոնի վերածելու իր ծրագրերը հանրությանը մանրամասնորեն ներկայացնելու համար, հայտնում  է Los Angeles Daily News-ը:

«Մենք պետք է ավելի լավ բացատրեինք, թե ինչ ենք ուզում անել, - ասել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քորեցը: - Մի շարք մարդիկ առարկություններ են ներկայացրել, և մենք կփորձենք դրանց պատասխանել»:

Քորեցը Քաղաքային խորհրդի կողմից թույլտվություն է ստացել Բալբոա պողոտայում գտնվող հրշեջ կայանը 50 տարի ժամկետով, տարին 1 դոլարով վարձակալությամբ հանձնել Հայկական մշակութային հիմնադրամին:

Հիմնադրամը դրա դիմաց պարտավորվել է բարեփոխումների վրա շուրջ 1 միլիոն դոլար ծախսել, ինչպես նաև՝ ապահովել տարածքի անվտանգությունը:

Նախագծի քննադատներն ասել են, որ ավելի լավ կլիներ՝ սեփականությունը վաճառեին մասնավոր կառուցապատողներին՝ քաղաքին գումար բերելու համար, իսկ քաղաքի դպրոցներից մեկը ցանկություն էր հայտնել օգտագործել հրշեջ կայանի ավտոկայանատեղին:

Քաղաքային պաշտոնյաներն ասել են, որ իրենք տարածքն առաջարկել են այլ մասնավոր և պետական մարմիններին, բայց ոչ ոք այն գնելու ցանկություն չէր հայտնել: