Home / Հայաստան / 2014 թվականին Սեյրան Օհանյանը պայքարելու է «փողոցային, արատավոր բարքերի դեմ»

2014 թվականին Սեյրան Օհանյանը պայքարելու է «փողոցային, արատավոր բարքերի դեմ»

Այսօր Բժշկական համալսարան այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բողոքել է փողոցային բարքերից, միացել ուսանողի խնդրանքին և մեդալ ստացել։

Պաշտպանության նախարարությունից կրթօջախներ այցելությունները ռազմահայրենասիրության դաստիարակություն իրականացնելու նպատակ ունեն: Այս մասին այսօր Բժշկական համալսարանում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ հենց այդ նպատակով է բուհ այցելել՝ ցանկանալով հատկապես հանդիպել համալսարանի ռազմական բժշկության բաժնի ուսանողներին և դասախոսական կազմին:

Պետության անվտանգության հարցում նախարարության և բժիշկների դերը կարևորող ելույթներից հետո համալսարանը և ՊՆ-ն փոխանակվել են մեդալներով: Սեյրան Օհանյանը պարգևատրվել է Համալսարանի առաջին աստիճանի շքանշանով, բուհի ուսանողական խորհրդի ոսկե մեդալով, ոսկե մեդալ է ստացել նաև նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ծովակալ Իսակովի, Գարեգին Նժդեհի, Մարշալ Բաղրամյանի և այլ բարձր մեդալներով են պարգևատրվել Բժշկական համալսարանի մի շարք դասախոսներ և աշխատակիցներ:

Շուրջ երկու ժամ տևած միջոցառման վերջում խոսք է տրամադրվել նաև ներկա ուսանողներին՝ նախարարին հարցեր ուղղելու համար․ միակ հնչած հարցը խնդրանք էր: Բանակից նոր զորացրված ուսանողը իր և իր 17 ընկերների անունից խնդրել է գալիք քննություններին իրենց «ընդառաջել», քանի որ, երկու տարի բանակում լինելով, «մոռացել են ուսանողական կյանքը»:

Դահլիճում ներկաները սկսել են ժպտալ, իսկ Սեյրան Օհանյանն ասել է, որ միանում է ուսանողի խնդրանքին:

Նախարարը խոսել է նաև բանակում գրանցվող դժբախտ պատահարների մասին՝ վստահեցնելով, որ դրանց թիվը բանակում անցյալ տարվա համեմատ նվազել է 20 տոկոսով, չնայած «ամեն կորուստ, միևնույն է, ցավալի է»:

«Անվտանգության կանոնների խախտման նվազման հետ՝ մենք պետք է նվազեցնենք այս տարի նաև միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրները: Այդ պատճառով էլ մենք կարևորում ենք դպրոցներում, բուհերում կրթությունը»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:

1ohanyan

Բուհերի դերին նախարարն անդրադարձել է նաև լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Օհանյանի խոսքով՝ կոնֆլիկտները բանակում շարունակական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ «ընտանիքներում կան չարաճճի երեխաներ, քանի դեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում կան չարաճճի ուսանողներ»:

«Դա ես ասում եմ ոչ թե արդարացնելու համար: Այս տարվա՝ 2014 թվականի իմ պայքարը ուղղված է լինելու [բանակում] փողոցային, արատավոր բարքերի դեմ, ես հրավիրում եմ նաև մեր բուհերին, դպրոցներին»,- ասել է Սեյրան Օհանյանը: