Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանի եվրաինտեգրումն ավարտվեց և փոխարինվեց մշուշոտ ձևակերպումներով համագործակցությամբ, որն իր խորությամբ զգալիորեն զիջում է նույնիսկ ԵՄ-Հյուսիսային Աֆրիկայի պետությունների փոխգործակցության մակարդակին: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ՀՀ Արտաքին քաղաքականության 2013 թվականի ամփոփման մեջ։
Ամփոփման հեղինակները նշում են, որ գարնանը Սերժ Սարգսայնը հայտարարում էր. «Մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ»: Այսօր արդեն ԵՄ-ի հետ ինտեգրացիայի մասին խոսելն անիմաստ է․ հասկանալի է, որ Հայաստանը չունի խնդիր այլ եվրոպական կառույցների հետ ինտեգրվելու, քանի որ արդեն ԵԽ և ԵԱՀԿ անդամ է, այսինքն՝ եվրաինտեգրացիան կարող է վերաբերել բացառապես ԵՄ-ին:
«Սպասվում է, որ գարնանը կմշակվեն ԵՄ հետ համագործակցության նոր ֆորմատներ, որտեղ եվրոպական կառավարման ավանդույթները, արդարադատության համակարգը, պետական և հասարակական ինստիտուտների գործունեությունն ընդօրինակելու մեր ձգտումները շատ ավելի պակաս հավակնոտ են լինելու: Ի տարբերություն անգամ Ադրբեջանի՝ մենք այսօր նույնիսկ չունենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի համաձայնեցված տեքստ, չունենք համագործակցության ճանապարհային քարտեզ, չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր գործակցության ապագան: Սրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, նա ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը՝ կողմնորոշելով մեզ անհայտ ուղղությամբ, որի անունն է՝ Մաքսային Միություն»։
Ամփոփման հեղինակները նաև հիշեցնում են դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանը անսպասելի արագ տեմպերով շարժվում է դեպի Մաքսային Միություն:
«Եթե թարգմանենք այս արտահատությունը դիվանագիտական լեզվից, կնշանակի, որ Միության բոլոր փաստաթղթերը, առանց լրացուցիչ բանակցությունների ու քննարկումների՝ ստորագրվում են Հայաստանի կողմից», – ասված է զեկույցում։
ՀԱԿ-ի հանձնաժողովը դա մտահոհիչ է համարում մի քանի պատճառով․
«- Նախևառաջ, Մաքսային Միությունում գործող դրույքաչափերը զգալիորեն բարձր են և, առանց վերապահումների դրանց միանալը կբերի Հայաստան ներմուծվող ապրանքների գների շեշտակի բարձրացման: Հաշվի առնելով մեր իշխանությունների հավաստիացումները, որ Մաքսային միության անդամագրման գործընթացը ավարտվելու է մինչև մայիս, կարելի է վստահությամբ պնդել, որ մեզ սպասվում է զգալի գնաճ, որը մեծ հարված կլինի մեր բնակչության գնողունակությանը: Ժողովրդի սոցիալական դրության վատթարացումը կարող է գեներացնել բացասական վերաբերմունք ոչ միայն դրա պատճառ դարձած իշխանությունների, այլև ՄՄ-ի ու դրա առանձին անդամների նկատմամբ:
– հաջորդ մարտահրավերն այն է, որ Միության ձևավորման գործընթացը անցնում է բարդ և երկարատև համաձայնեցման ճանապարհ, և շատ խնդիրներ դեռևս կարիք ունեն լրացուցիչ քննարկումների: Այսպես, դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի և Ղազախստանի նախագահները մի շարք հարցեր բարձրացրին պայմանագրի ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ բովանդակության վերաբերյալ: Ն. Նազարբաևը նաև հանդես եկավ Մաքսային միությունը լրացուցիչ քաղաքականացումից հեռու պահելու օգտին՝ ընդգծելով նոր վերպետական մարմինների ստեղծման անթույլատրելիությունը: Նկատի ունենալով վերոնշյալը՝ Հայաստանը կարիք ունի շրջահայաց քաղաքականության և ՄՄ հիմքում դրված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության:
– Ղազախստանի նախագահի նախապայմանները, որոնք առնչություն ունեն ԼՂ հարցի հետ»:
«Սերժ Սարգսյանի կառավարությունը նաև շտապում է Հայաստանը դարձնել Եվրասիական Միության հիմնադիր անդամ: Այս գործընթացը նույնպես շատ արագ է ընթանում, և հարկավոր է բացատրություններ պահանջել իշխանություններից նման ընթացքի հիմնավորումների վերաբերյալ: Ստորագրվելիք յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համապատասխանի մեր շահերին, այլապես այն կենսունակ չի լինի և կհանդիսանա լրացուցիչ մի վկայություն՝ իշխանությունների ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ չլինելու մասին», – եզրափակում են ամփոփման հեղինակները: