Home / Հայաստան / Վաշինգտոնը չի կիսում ամերիկացի համանախագահի հարցում Բաքվի կարծիքը․ «Ազատություն»

Վաշինգտոնը չի կիսում ամերիկացի համանախագահի հարցում Բաքվի կարծիքը․ «Ազատություն»

Միացյալ Նահանգների կառավարությունը չի կիսում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հնչեցրած գնահատականը և շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին: Միաժամանակ, ԱՄՆ-ը «կոչ է անում երկու կողմերին ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր»:

Ազիմովի հայտարարության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության այս դիրքորոշումը «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր ներկայացրեցին Երևանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ազիմովը հանդես էր եկել հայտարարությամբ, որում առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հետ կանչել պաշտոնից՝ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ կապեր ունենալու պատճառով։

«Մենք գիտենք, որ [Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը] սերտ կապեր է պաշտպանում ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որը, ինչպես հայտնի է, անհաշտ դիրքորոշում ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Անգամ սոցցանցերում նրա գրառումներից երևում է, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է շփվել Ամերիկայի հայ համայնքի հետ», – ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել էր Արազ Ազիմովը։