Home / Տեսանյութեր / Վարդգես Գասպարին պատրաստ է աջակցություն ստանալ, բայց 1000 դրամից ոչ ավել

Վարդգես Գասպարին պատրաստ է աջակցություն ստանալ, բայց 1000 դրամից ոչ ավել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պատրաստ է ֆինանսական աջակցություն ընդունել քաղաքացիների կողմից, սակայն յուրաքանչյուր անձից ոչ ավել քան 1000 դրամ։ Այս մասին նա ասել է Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում։

Ոստիկանությունը Գասպարիի դեմ մի շարք հայցեր է ներկայացրել, որոնցից մեկով նրանից հարկադրաբար գանձել են 35000 դրամ։ Այս պահին դատարանում քննվող ևս մեկ հայցը ոստիկանության աշխատակիցը գնահատել է 1 միլիոն։

Վարդգես Գասպարին նշել է, որ ոստիկանության նման գործելաոճը՝ պարբերաբար իր դեմ բերվող հայցերը, կարող են լուրջ խնդիր հանդիսանալ իր համար, քանի որ ինքը սահմանափակ եկամուտ ունեցող մարդ է։

«Ես անպատեհ չեմ համարում [քաղաքացիներից գումար վերցնելը], ոչ էլ ամաչում, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում անցնել այն ճանապարհով, որն առաջարկում են ոչ քաղաքացիական կեցվածք ունեցող մարդիկ։ Ինձ բարի խորհրդի կարգով ասել են՝ քո ունեցվածքն ուրիշի անունով արա, որ էդ հարցերը քեզ չխանգարեն։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Մարդն իր ամբողջ կյանքով պետք է իրականացնի այն, ինչ ինքը ճիշտ է համարում։ Գտնում եմ՝ դա քաղաքացիական դիրքորոշում չի, որ ես իմ ունեցվածքը օտարեմ, թեկուզ մերձավորի անունով, որ տույժերն իմ վրա չազդեն։ Ոչ, կարող են ազդել։

Առանձին անձինք ինձ նյութական օգնության առաջարկ են արել, և ես ընդունել եմ այդ տարբերակը հետևյալ պայմանով՝ յուրաքանչյուր անձից ես ընդունում եմ ոչ ավել, քան հազար դրամ․․․ Առ այս պահը ինձանից գանձել են 35 հազար դրամ։ Եթե լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են հազար դրամ վճարել, և, իհարկե, հրապարակել իրենց անունը, ես դա ընդունում եմ», – ասել է Վարդգես Գասպարին։

Ակտիվիստը նշել է, որ օգնել ցանկացողները կարող են իր հետ կապվել անձամբ կամ, օրինակ, Facebook-ի էջի միջոցով։

Վարդագես Գասպարիի հետ զրույցն ամբողջությամբ՝ այստեղ։