Home / Հայաստան / Ադրբեջանական ռադիոն Ղարաբաղը վերադարձնում է հայկական երգերի միջոցով

Ադրբեջանական ռադիոն Ղարաբաղը վերադարձնում է հայկական երգերի միջոցով

Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը (ՀՌԱԽ) դժգոհություններ է ներկայացրել ANS CM ռադիոկայանին այն կապակցությամբ, որ արդեն երկրորդ ամիսն է՝ ռադիոկայանի «Կովկասի լավագույն տասնյակ» երաժշտական հաղորդման եթերում հնչում են հայկական երգեր։ ՀՌԱԽ-ի նախագահ Նուշիրավան Մահերամլիի խոսքով՝ հարցը պարզաբանելու նպատակով ՀՌԱԽ-ի աշխատակիցներին հանձնարարվել է կապ հաստատել ANS CM-ի ղեկավարության հետ, քանի որ նման հեռարձակումն անթույլատրելի է․ Մահերամլիի խոսքով՝ այն վիրավորում է մարդկանց զգացմունքները։

«Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմական վիճակում, հետևաբար, նման հարցերում պետք է չափազանց ուշադիր լինել։ ANS CM-ի ղեկավարության՝ «Մշակույթը սահմաններ չունի» տրամաբանությունն սխալ է։ Նույն տրամաբանությամբ՝ Ադրբեջանում պետք է ցուցադրել հայկական ֆիլմեր, վաճառել հայկական ապրանքներ, անցկացնել նրանց նկարիչների ցուցահանդեսներ»,- հայտարարել է Մահերամլին։

ՀՌԱԽ-ի Փորձաքննության, ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի պետ Թավաքյուլ Դադաշևի խոսքով՝ հայկական երգերի հեռարձակման կապակցությամբ ANS CM-ին ուղարկվել է տեղեկանք «այն մասին, որ ANS CM-ն հեռարձակում է հայկական երգեր, իսկ հաղորդավարը բացահայտորեն հայտարարում է այդ մասին։ Կձեռնարկվեն միջոցներ՝ օրենքին համապատասխան»։

«Քաղաքական նպատակներ չենք հետապնդում»

ANS հեռուստաալիքի հետ զրույցում ANS ընկերությունների խմբի փոխնախագահ Միրշաին Աղաևը նշել է, որ նախագծի շրջանակներում «Ադրբեջանի հերոսի՝ լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի անունը կրող ռադիոկայանի եթերով հեռարձակվում է կովկասյան երգերի հիթ-շքերթ»։

«Եվ, բնականաբար, որպես կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչ, մասնակցում է նաև հայերի ներկայացուցիչը։ Մշտապես առաջադեմ ANS-ն այս անգամ էլ առաջ է ընկել իր բոլոր գործընկերներից, և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Ադրբեջանի քաղաքացիների համարելով, հիթ-շքերթում ընգրկել նաև նրանց ներկայացուցչի երգը։ Սա ընդամենը ռադիո նախագիծ է, ու դրա հեղինակները որևէ քաղաքական նպատակներ չեն հետապնդում»,- հայտարարել է Միրշաին Աղաևը։

«Ընդհակառակը, եթերով հայկական երգ հեռարձակելով՝ ադրբեջանական մասնավոր ռադիոկայանը դիմակազերծում է Հայաստանի՝ Ադրբեջանի ժողովրդի վայրի, հայաֆոբ և դաժան լինելու մասին երկարամյա քաղաքականությունը»,- հավելել է նա։

ANS-ի փոխնախագահի խոսքով՝ այս քայլով ռադիոկայանն ադրբեջանցիներին աշխարհին ներկայացնում է «որպես քաղաքակիրթ, մշակութային ժողովուրդ, որն ի վիճակի է ժողովրդին անջատել իր մշակույթից»։

«Ինչո՞ւ են մեզ պետք հայալեզու շոու ծրագրերը»

ANS Press կայքում նման վերնագրով և «Հենց վերջին 25 տարիներին ղարաբաղցի երիտասարդության ուղեղը լցված աղբը մաքրելով է սկսվում Ղարաբաղի նվաճումը» ենթավերնագրով հրապարակված հոդվածում հեղինակ Չինգիզ Ռուստամովը մանրամասն բացատրում է հայկական երգերով հիթ-շքերթի նպատակը։

ANS կայքում տեղադրված է հոդվածի ռուսերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով և փոփոխություններով։ Epress.am-ը ներկայացնում է հոդվածի սեփական թարգմանությունն ադրբեջաներենից՝ ռուսերեն (հայերեն տարբերակը՝ ռուսերենից՝ հայերեն) առանց կրճատումների և ոճական փոփոխությունների։

«Խորհրդային շրջանում Հայկական ԽՍՀ-ում կար շուրջ 500 ադրբեջանական միջնակարգ դպրոց, բայց հայերեն լեզուն դրանցից ոչ մեկում չէր դասավանդվում։ Չնայած նրան, որ հայերը դա բացատրում էին կադրերի բացակայությամբ, Արևմտյան Ադրբեջանի՝ Իրավանի, Գյոյչայի, Զանգեզուրի և Աղբաբի (նկատի ունի Հայաստանն ու դրա բնակավայրերը – Epress.am) բանիմաց մարդիկ այդ փաստը կապում էին նենգ հայկական քաղաքականության հետ։ Ասում էին՝ «Թշնամին չի ուզում, որ մենք տիրապետենք իր լեզվին»։

Այսօր, տեսնելով ANS ռադիոկայանի «Կովկասյան հիթ-շքերթի» եթերում մի քանի հայկական երգերի հեռարձակման շուրջ մեր համերկրացիների բողոքը, ես, որպես Գյոյչայում մեծացած թյուրք, հիշում եմ այդ օրերը։ Ու Առաջին Ղարաբաղյան պատերազմում հայերին մեր պարտության պատճառներից մեկը տեսնում եմ հենց դրանում։ Մինչդեռ մենք, մեծանալով հայերի շրջանում, չէինք տիրապետում հայերեն լեզվին, հայերին հաջողվեց Աղդամում որպես մոլլա ներդնել Իրավանում մեծացած անթլփատ լրտեսի։

Այն ժամանակ Հայկական ԽՍՀ-ում հայերը մեզ հետ խոսում էին թյուրքերեն լեզվով, իրենց հարսանիքների ժամանակ երգում էին թյուրքական երգեր, ամեն մանրուքի մասին տեղյակ էին, անգամ՝ մեր գրողների ու մշակույթի գործիչների մանկության հիշողությունների մասին։ Իսկ Ադրբեջանում հայերը մեր լեզվին տիրապետում էին նույն մակարդակի վրա, ինչ՝ մենք։ Թյուրքերեն լեզուն ընտելացնում էին հայ դեռահասների լսողությանը, բոլորին մեծացնում էին որպես պոտենցիալ հետախույզների, լրտեսների և սադրիչների։

Չնայած նրան, որ արդեն 20 տարի է անցել, Գյանջայում մեծացած Ալեքսեյ Մանվելյանը փայլուն տիրապետում է ադրբեջանա-թուրքերեն գրին, պատրաստում է ռեպորտաժներ հայերի առօրյա կյանքի մասին։ Հնարավոր է՝ Մանվելյանն իսկապես Ադրբեջանին հարգանքով է վերաբերում, բայց իրականությունն այն է, որ նրա ռեպորտաժները զգալիորեն մեղմացնում են Ադրբեջանում առկա զայրույթը հայերի հանդեպ ու ջուր լցնում վրեժխնդրության զգացողության կրակի վրա։ Այսպիսով նա ծառայում է Հայաստանին։ Նրա ռեպորտաժներից դուրս է գալիս, որ Իրավանում ապրող շարքային հայերը քաղաքականությունից ու ազգայնականությունից հեռու տոլերանտ մարդիկ են, ովքեր չափազանց հանդուրժողական վերաբերմունք ունեն Ադրբեջանի ու դրա մշակույթի նկատմամբ։ Բայց մենք՝ Հայկական ԽՍՀ-ում մեծացածներս, գիտենք, որ դա այդպես չէ։ Հենց հայերի կողմից հայերեն, ադրբեջանա-թյուրքերեն ու ռուսերեն լեզուներով առաջադրված քարոզչական մեքենայի ազդեցության տակ էլ ադրբեջանցի որոշ գրողներ գնում են Իրավան ու գրում վեպեր, որոնց գլխավոր հերոսները հայեր են։ Քարոզչությունն այնքան ուժեղ է, որ անգամ մեր՝ ծնունդով հայերի կողմից գրավված Ջեբրաիլի շրջանից լրագրողը, ով բավականին լայն լսարան ունի, հայերից ներողություն է խնդրում։ Այս ոլորտում մեր պարտության փաստը հայկական քարոզչական մեքենային ակնհայտ է։

Իսկ ո՞ւր է մեր քարոզչական մեքենան։ Այս տարիների ընթացքում հայերեն նորմալ խոսացող քանի՞ լրագրող ենք մեծացրել, որոնք ի վիճակի կլինեին ձեռքը հայերի զարկերակին պահել՝ այնպես, ինչպես Մանվելյանն է կարողանում մեզ համոզել։ Վերջին 25 տարիներին Ղարաբաղում մեծացած հայերը հեռու են ադրբեջանական մշակույթից, երաժշտությունից ու մտածելակերպից։ Երբևէ փորձե՞լ ենք կոտրել Լեռնային Ղարաբաղի շուրջ կեղծ ռեժիմի կողմից հաստատված տեղեկատվական շրջափակումը։ Դրսում 21-րդ դարն է, ու դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բանի հասնել մի քանի տեղեկատվական հաղորդումների միջոցով՝ հաղորդավարի՝ 60-ական թվականների հայերեն լեզվի ուղղորդող տոնով։ Լեռնային Ղարաբաղի երիտասարդների ուղեղներին կարող ենք տիրանալ հենց հետաքրքիր շոու ծրագրերի միջոցով։ Բնականաբար, նախ ամենաերիտասարդ, քաղաքականությունից հեռո հայկական երգերի օգնությամբ․․․ Որոշակի լսարան հավաքելուց հետո անհրաժեշտ կլինի ներառել ադրբեջանական ու թուրքական երաժշտություն։ Ու միայն դրանից հետո հնարավոր կլինի քանդել կեղծ ռեժիմի կողմից բարձրացված գաղափարական պատը։ Ընդհանրապես, հայերեն լեզվով շոու ծրագրեր պետք է պատրաստեն Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները։ Համենայն դեպս, Ադրբեջանում ապրում է ավելի քան 150 հազար հայ, և վաղ թե ուշ, նրանք կզգան մեր տեղեկատվական տարածքի արտադրանքի կարիքը։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված 15 հազար քառակուսի մետր տարածք ունեցող համակենտրոնացման ճամբարի բնակիչներին այնքան էլ բարդ չի լինի համոզել արդար խոսքի միջոցով։

Մեր թուրք եղբայրները, որոնք պետականության ավելի մեծ փորձ ունեն, քան մենք, դա մեզնից շուտ էին հասկացել։ Բոզգուրդականների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (Բոզ գուրդ՝ Գորշ գայլեր – Epress.am) ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Սինան Օհանը, դեռևս 1968 թվականին Բաքվում այս տողերի հեղինակի հետ զրույցում առաջարկեց մեկնել Անկարա ու այնտեղ մասնակցել հայկական կողմնորոշում ունեցող կայքի ստեղծմանը։ Իմ՝ հայերենի ողորմելի տիրապետումը նրան շատ վշտացրեց։ Ծագումով Արևմտյան Ադրբեջանից լրագրող Հաֆար Չախմաղլին նույնպես բազմիցս ընդգծել է Ադրբեջանում հայերեն լեզվին ազատ տիրապետող լրագրողների պատրաստման կարևորությունը։ Հատկանշական է, որ այն օրերին Թուրքիայում հրատարակվել էր Հաֆար Չախմաղլիի հեղինակության թուրք-հայերեն բառարան։

Հե՛յ, դուք, իմ հայրենասեր եղբայրներ ու իմ հայրենակիցներ, որ պատրաստ եք ամեն վայրկյան ձեր կյանքը տալ հանուն Ղարաբաղի։ Եկե՛ք աջակցենք իր կյանքը հանուն Ղարաբաղի զոհաբերած Ազգային հերոս Չինգիզ Մուսթաֆաևի անունը կրող ռադիոկայանի առաջին քայլերն այդ ուղղությամբ։ Հիշեք, որ հենց վերջին 25 տարիներին ղարաբաղցի երիտասարդության ուղեղը լցված աղբը մաքրելով է սկսվում Ղարաբաղի հաղթական նվաճումը»։

Լուսանկարը՝ kavkaz-uzel.ru