Home / Հայաստան / Հայաստանի Հանրապետությունը իր չափի մեջ է․ նախարարության պատասխանները

Հայաստանի Հանրապետությունը իր չափի մեջ է․ նախարարության պատասխանները

Արդարադատության նախարարությունն այսօր անդրադարձել է Տավուշ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացման գործընթացին առնչվող՝ «կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերին»։ 

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան․ Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: […] Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին: […]

Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան․ ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն։ Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել:

Պատասխան․ ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականացվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն: […]

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 

4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

[…]

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է: 

Պատասխան – Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և

այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝

Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

[…]

կոնտեքստ

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ապրիլի 29-ի դրությամբ արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրականացվել է նախատեսված աշխատանքի կեսից ավելին։ Թե քանի կիլոմետրի մասին է խոսքը՝ պարզ չէ։

Ապրիլի 19-ից մեկնարկած գործընթացը դեռ շարունակվում է։ Դելիմիտացիայի «պիլոտային» ծրագիրը սկսվելու է Տավուշ-Ղազախ հատվածից։ Միջպետական սահմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, համապատասխանեցվելու է «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Մինչ սակրավորներն ականազերծում են տարածքը, երկու կողմերից փորձագիտական խմբեր են աշխատում․ կոորդինատները ճշգրտվում են տեղանքի գեոդեզիական չափումների հիման վրա։ Փոխհամաձայնեցված կետերում տեղադրվում են սահմանային սյուներ։

Նախատեսվում է, որ գործընթացի ավարտին Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից։ 90-ականներին դրանք մասամբ կամ ամբողջությամբ անցել էին հայկական վերահսկողության ներքո։ Թեև այդ գյուղերը հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական մայրուղին և Հայաստան մտնող գազատարը։ 

Վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի համաձայն՝ Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնցով անցնում է հայկական միջպետական ճանապարհը, առժամանակ մնալու են հայկական ուժերի վերահսկողության տակ (դրանք խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել), փոխարենը Ադրբեջանը պահպանելու իր վերահսկողությունը Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող տարածքների նկատմամբ, որոնցով անցնում է ադրբեջանական միջհամայնքային ճանապարհը (ժամանակին այդ տարածքը խորհրդային Հայաստանի մաս է կազմել):

Ապրիլի 19-ից ի վեր Ոսկեպարում, Բերքաբերում և գրեթե շուրջօրյա՝ Կիրանցում բողոքի ցույցեր են ընթանում․ տեղի բնակիչները, որոնց միացել են հոգևորականները, դաշնակցական պատգամավորներն ու ընդդիմադիր ակտիվիստները, բողոքում են դելիմիտացիայի ծրագրի դեմ։ Ձեռք բերված պայմանավորվածությունը նրանք միակողմանի զիջում են համարում։ Քննադատվում է Հայաստանի իշխանությունների՝ հատվածային լուծումների գնալու պարտաստակամությունը, առանց փոխհամաձայնեցված քարտեզի դելիմիտացիա անելու որոշումը։ Մտահոգություններ կան նաև սահմանային համայնքների անվտանգության, դիրքային փոփոխությունների հետ կապված։

տե՛ս Ի՞նչ է լինելու, եթե սահմանազատման պայմանավորվածությունը կյանքի կոչվի