Այսօր՝ մայիսի 15-ին, համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ենթադրաբար, ծեծկռտուքի մեջ մտնում Սոմա քաղաքում հավաքված ցուցարարների հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Մանիս նահանգի Սոմա քաղաքում ածխահանք էր պայթել, ինչի հետևանքով ավելի քան 280 հանքափոր է մահացել։
Տեսանյութի սկզբում լսվում է, թե ինչպես են մարդիկ սուլում Էրդողանին, որից հետո Էրդողանը, դիմելով ցուցարարներից մեկին, ասում է՝ «Արի ու սուլիր այստեղ՝ կողքիս», գրում է «Հյուրիեթ» կայքը։
Էրդողանն ու նրա թիկնապահները ցուցարարին հրելով մտցնում են մոտակա սուպերմարկետն ու Էրդողանը, ենթադրաբար, բռունցքներով հարվածում է նրան։
Կայքը գրում է, որ ածխահանքի պայթյունի կապակցությամբ վիշտն արագ վերածվել է իշխանություններին ուղղված զայրույթի, մասնավորապես, այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հայտարարության մեջ նշել է, թե «նման աշխատանքային պատահարները սովորական են»։
Նշենք, որ այսօր համացանցում նաև հայտնվել էր լուսանկար, որի վրա երևում է, թե ինչպես է Էրդողանի խորհդական Յուսուֆ Յերքելը ոտքով հարվածում Սոմայում ցուցարարներից մեկին։
Տեսանյութը՝ այստեղ