հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ով է իրականում օգտվելու Սևանից բաց թողնված ջրից․ բնապահպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ով է իրականում օգտվելու Սևանից բաց թողնված ջրից․ բնապահպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը բացատրել է Արարատյան դաշտավայրի գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու ցանկությամբ, սակայն դրանից օգուտ է ստանալու նաև ռուսաստանյան «Ռուսգիդրո» ընկերությանը պատկանող Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի ուսումնասիրությունն ու փաստաթղթերի հետազոտությունները ցույց են տվել, որ լճից բաց թողնված ջուրը գնալու է Սևան-Հրազդան կասկադի միջոցով, որտեղից էլեկտրաէներգիա են ստանալու, արդեն բարձր գնով վաճառելու են՝ մեծ շահույթներ ապահովելով։

«Այդ շահույթները ստանալու է ոչ թե մեր պետությունը, այլ «Ռուսգիդրո» կազմակերպությունը։ Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, երբ պետությունը ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր կետերը վաճառում է օտարներին՝ «Որոտանը» վաճառեցին ամերիկացիներին, Սևան-Հրազդան կասկադը՝ ռուսներին․․․ Մենք չունենք ոչինչ, ամեն ինչ օտարներինն է՝ կեսը Ամերիկայինն է, կեսը՝ Ռուսաստանինը, կեսն էլ Եվրոպայինը», – ասել է Ադամյանը։

Բնապահպանը նշել է, որ փորձագետները խնդիրը բարձրացնել են նաև ԱԺ-ում, և այժմ ոչ ոք չի կարող մեղադրել, թե չեն ցանկանում համագործակցել պետական մարմինների հետ։

«Պառլամենտական լսումների ժամանակ բազմիցս Սևանի ջրբացման հարցը բարձրացրել են, սակայն ոչինչ չօգնեց։ Մենք արդեն չգիտենք՝ ինչ լեզվով է պետք խոսել․․․ Հազարավոր նամակներ ենք ուղարկել՝ սկսած նախարարություններից մինչև նախագահ, բայց ախր տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել։ Երբ այցելեցինք Արարատյան դաշտավայր, խոսեցինք ժողովրդի հետ, իրենք ասացին՝ եթե նույնիսկ Սևանի ջուրը ինչ-որ ձևով իրենք հասցնեն այստեղ՝ մենք չենք ուզում, Սևանին չպետք է ձեռք տալ։ Սա ասում է ժողովուրդը, որը, իրոք, ունի ջրի խնդիր Արարատյան դաշտավայրում։ Իսկ ինչո՞ւ ունի այդ խնդիրը, որովհետև մեր «շատ հարգարժան» Բնապահպանության նախկին նախարարը (Արամ Հարությունյան- խմբ․), առանց հետազոտություններ անցկացնելու ու հաշվարկների, ամբողջ արտեզյան ջրերը տվել էր ձկնաբույծներին՝ Արարատյան հարթավայրը հասցնելով այս վիճակի։ Փոխանակ քրեական պատասխանատվության ենթարկեն այդ մարդուն, տարան Կոտայքի մարզպետ», – նշել է Ադամյանը։