«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրինությունը չի մեկնաբանում 20-ամյա Մինաս Երեմյանի մահվան հանգամանքները։ ԲԿ-ի տնօրինությունից Epress.am-ին հայտնել են, որ քանի դեռ գործի հետ կապված բոլոր մանրամասներն ուսումնասիրված չեն, իրենք որևէ տեղեկատվություն չեն տրամադրի։
Ավելի վաղ Yerkir.am-ի հետ զրույցում Երեմյանի բարեկամներից մեկը պատմել էր, որ «Արմենիա» բ/կ-ում երիտասարդին գլյուկոզա են ներարկել՝ առանց իմանալու, որ շաքարախտ ունի։ Նրա խոսքով՝ սրսկումից հետո Մինասը վատացել է, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել է:
Երիտասարդի բարեկամն ասել էր, որ Մինասն ինքը չգիտեր, որ շաքարախտ ունի, «բայց դա իրենց (բժիշկների) գործն ա, պետք իմանան, նոր անեն»:
«Էրեբունի» ԲԿ ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է շատ ծանր, գրգռված վիճակում` արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր է եղել, նորմայից ցածր է եղել օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության միավորը, ջերմություն է ունեցել, թոքերում երկկողմանի խզզոց է եղել:
«Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»,- ասել էր Սաիյանը: