Home / Հայաստան / Ադրբեջանում հրապարակվել է հանցագործ դատավորների ցուցակը․ Հայաստանում այն կա 2012թ․-ից

Ադրբեջանում հրապարակվել է հանցագործ դատավորների ցուցակը․ Հայաստանում այն կա 2012թ․-ից

Ադրբեջանի օրենսդրությունն ու միջազգային իրավունքի նորմերը խախտած դատավորները 2014 թվականի հունիսին ընդգրկվել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտին կից Հալածանքների դիմադրության կենտրոնի «սև» ցուցակի մեջ․ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավարը Լեյլա Յունուսն է, ում դուրս չեն թողնում երկրից, ենթարկում են հետապնդումների, մասնավորապես, «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի հետ կապված։

Իշխանությունների շահերին ծառայող հայաստանցի դատավորների ցուցակը երկու տարի առաջ հրապարակել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը։

Երկու երկրների իրավապաշտպանների հիմնավորումները նույնն են․ նրանք մատնանշում են, որ դատական իշխանությունը կախվածություն ունի գործադիրից, այլախոհ քաղաքացիների նկատմամբ կեղծ քրեական գործերով կայացվում են քաղաքական շարժառիթներ ունեցող վճիռներ, կոպտորեն խախտվում են քրեական դատավարության իրավունքի նորմերը։ Երկու դեպքում էլ խոսվում է երկրներում քաղբանտարկյալների առկայության մասին։

Հայաստանի իրավապաշտպանները, որպես խափանման միջոց, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը առաջարկել էին հանցագործ դատավորներին ելքի արտոնագիր չտրամադրել։ Ինչո՞ւ ԱՄՆ-ին։ «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանն այսպես է բացատրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրումներ ունի ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներում, «հարց է առաջանում` արդյոք դրանք ծառայում են իրենց նպատակին, եթե հայաստանում իրավապահ ոլորտում նախատեսված բարեփոխումները կրում են զուտ ձևական բնույթ»:

Ադրբեջանում առաջարկում են ներքոհիշյալ դատավորներին արգելել այցելել Եվրամիության երկրներ ու ԱՄՆ, կալանքի տակ դնել նրանց բանկային հաշիվները ԵՄ-ում և ԱՄՆ-ում, ինչպես նաև կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ավտորիտար Ադրբեջանում լայնատարած անօրենությունը կանխելու համար։

ադրբեջանցի դատավորների ցուցակը

Էլչին Կազիմով – Լենքորանի շրջանային դատարանի դատավոր, 2014 թվականի հունվարի 13-ին անօրինական ու անհիմն դատավճիռ է կայացրել «Մուսավաթ» կուսակցության նախագահի խորհրդական Յադիգար Սադիգովի նկատմամբ։

Ռաշիդ Հուսեյնով – Շեքիի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր, 2014 թվականի մարտի 17-ին անօրինական ու անհիմն դատավճիռ է կայացրել լրագրող Թոֆիգ Յաղուբլուի և REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովի նկատմամբ։

Ջավիդ Հուսեյնով – Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր, 2014 թվականի մայիսի 6-ին անօրինական ու անհիմն դատավճիռ է կայացրել NIDA շարժման 8 անդամների նկատմամբ։

Նովրուզ Քերիմով – Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր, 2014 թվականի մայիսի 15-ին անօրինական ու անհիմն դատավճիռ է կայացրել լրագրող, իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլիի նկատմամբ։

Ռաուֆ Ալիև – Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր, 2014 թվականի մայիսի 26-ին անօրինական ու անհիմն դատավճիռ է կայացրել Ադրբեջանի Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի ղեկավարներ Անար Մամեդլիի և Բաշիր Սուլեյմանլիի նկատմամբ։

Ազեր Օրուջև – Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր, 2013 թվականի սեպտեմբերի 27-ին անօրինական ու անհիմն դատավճիռ է կայացրել իրավապաշտպան, «Թալիշի ձայնը» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի նկատմամբ։

հայաստանցի դատավորների ցուցակը

Մեսրոպ Մակյան – ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան,

Սուրեն Կոստանյան – Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան,

Արթուր Մկրտչյան – Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ` Կարինե Ղազարյանը, Գրիշա Մելիք-Սարգսյանը, Հենրիկ Ադամյանը, Գագիկ Ավետիսյանը, Եվա Դարբինյանը և Սերգեյ Չիչոյանը:

Դատավորներ Արթուր Մկրտչյանը, Գագիկ Ավետիսյանը, Եվա Դարբինյանը և Սերգեյ Չիչոյանը ներգրավված են եղել Վռամ Բաղդասարյանի գործում, ով 2011 թվականի նոյեմբերի 11-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ, հիմնվելով քրեական գործերի վրա, կարելի է արձանագրել, որ սպանությունը Վռամ Բաղդասարյանը չի կատարել:

Մյուս դատավորները ներգրավված են եղել Ավետիք Հովհաննիսյանի գործում, ով մեղադրվել է ավազակային հարձակման մեջ և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Իրավապաշտպանները պնդում են, որ Կոստանյանն անտեսել և խեղաթյուրել է Ավետիք Հովհանիսյանի այլուրեքությունն ապացուցող վկաների ցուցմունքները, որոնք նշել են, որ դեպքի օրը տեսել են նրան տանը ամբողջ օրվա ընթացքում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը ներգրավված է եղել Խաչիկ Հովսեփյանի գործում, ով մեղադրվում է թմրանյութեր ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեջ: Իրավապաշտպանները նշում են, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել քրեական գործով միայն մեղադրյալների զրպարտչական ցուցմունքների հիման վրա, անտեսվել է, որ քրեական գործում առկա «Ղ-տելեկոմ» ընկերության վերծանումներով որոշ դրվագներով հիմնավորվում է վերջինիս անմեղությունը: