2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Դեմ եմ»-ը պատասխանել է Հովիկ Աբրահամյանին

Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման կերպ «Դեմ եմ» շարժումն արձագանքել է երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած խոսքերին։ Վերջինս հայտարարել էր, որ «հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով»։

«Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ», - ասել էր Աբրահամյանը:

«Դեմ եմ»-ի թիմը հիշեցրել է, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաև պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

«Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է:

Նշենք նաև, որ ՀՀ-ում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր.

- Անպատասխանատու և ապաշնորհ պաշտոնյաների առկայություն ՀՀ կառավարությունում։

- ՀՀ Կառավարության անարդյունավետ աշխատանք, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիների աղքատության տոկոսի բարձրացմանն ու աղետալի չափերի հասնող արտագաղթին, ինչն իր հերթին վտանգի մեջ է դրել երկրի պաշտպանվածության աստիճանն արտաքին վտանգների առջև։

- ՀՀ Կառավարության` ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը և դրանց հեղինակների անպատժելիությունը։

- ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։

- ՀՀ ոստիակնության ապօրինի գործողությունները և երկրի տերը հանդիսացող ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։

- Կոմունալ ծառայությունների սակագների անհիմն բարձրացմումը։

Ակնհայտ է, որ նշվածը առկա խնդիրների ամբողջական ցուցակը չէ:

Գովելի կլիներ նաև, որ ՀՀ վարչապետը հանձնարարեր ՀՀ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված և մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները», - ասված է «Դեմ եմ»-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը նկատի էր ունեցել նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ Ազգային ժողովի մոտ կանգնած «Դեմ եմ» շարժման ակտիվիստներն ընդհարվել են ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Վերջինս Կենսաթոշակային կուտակային համակարգի նոր օրենքի ընդունման դեմ պայքարող նախաձեռնոթյան անդամներին ասել է՝ «Արա, դուք պիդռներ եք», իսկ ակտիվիստները մանրադրամներ են նետել նրա ուղղությամբ։