Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի (լուսանկարում)՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է: Այս մասին գրում է Aravot.am-ը՝ հղում կատարելով Նուբարաշենի բնակիչ Սուսան Հովհաննիսյանին: Սեդրակ Օսիպյանը, ըստ Նուբարաշենի բնակչի, մեկնել է Ռուսաստան՝ ծնողների մոտ:
Սուսաննա Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը:
Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ըստ նախնական վարկածի՝ Վալերի Օսիպյանի եղբորորդին Նուբարաշենի բնակիչ Վանուշ Ալեքսանյանին դանակահարել էր ու որովայնի հատվածում լուրջ վնասվածքներ հասցրել: