ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու գացափարին։ Այս մասին նա հայտարարել է Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին Նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար», – ասված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Այն մասին, որ Ղարաբաղի ղեկավարությունը քննարկում է Քելբաջարի շրջանի բնակիչներին զենք տրամադրելու հարցը, հայտարարել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ասել էր, որ շրջանի բնակիչների մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են, և զինելու խնդիրը կարելի է լուծել՝ թույլ տալով նրանց զենքը տուն տանել։ Կառավարության նիստի ժամանակ նախարարն ասել էր, որ Քելբաջարում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանից դեպի վերոնշյալ տարածք մուտք գործելու բոլոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն։
Ըստ պաշտոնական մարմինների՝ Քելբաջարի տարածք ներթափանցած ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածներ Շահբեզ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը, ինչպես նաև սպանված Հասան Հասանովը, երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգման, զենքի գործադրման, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ: