հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Մխչյան ֆիշ»-ին թույլատրեցին ձուկ արտահանել ՌԴ․ Ձկնարտադրությունը ՀՀ-ում կապում են վարչապետի հետ

«Մխչյան ֆիշ»-ին թույլատրեցին ձուկ արտահանել ՌԴ․ Ձկնարտադրությունը ՀՀ-ում կապում են վարչապետի հետ

Օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան ձուկ և ծովամթերք արտահանելու իրավունք է ստացել «Մխչյան ֆիշ» ընկերությունը։ Այս մասին հայտնում է դեպի ՌԴ արտահանման թույլտվություն տրամադրող «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպության կայքը։ «Մխչյան ֆիշը» ոլորտի առաջին ընկերությունն է, որը նման թույլտվություն է ստացել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից ու Կանադայից սննդամթերքների ներմուծման արգելքի մասին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից Ռուսաստան ձուկ և ծովամթերք արտահանելու թույլատվություն ունի 14 ընկերություն, որոնցից 7 այդ իրավունքը ստացել են 2014 թվականին։ Դրանցից 6-ը, բացի «Մխչյան ֆիշ»-ից, այդ իրավունքը ստացել են պատժամիջոցների մասին որոշումն ընդունելուց ավելի շուտ՝ հիմնականում հունիս ամսին։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը Epress.am-ին հայտնել է, որ «Մխչյան ֆիշ»-ն ավելի վաղ ռուսաստանյան շուկա ձուկ արտահանելու փորձ ունեցել է։ Ընկերությանը, սակայն, այդ իրավունքից զրկել էին, Սուքիասյանի խոսքով, որոշ խնդիներ ունենալու պատճառով։ Թե ինչ խնդիրներ են դրանք եղել, մեր զրուցակիցը չի մանրամասնել։

Նշենք, որ 2013 վերջին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արարատյան դաշտավայրում խոշոր ձկնաբուծարանները պատկանում են այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ, ներկայիս վարչապետ, ծնունդով մխչյանցի Հովիկ Աբրահամյանին։ Ըստ Փոստանջյանի՝ Աբրահամյանը ԱԺ-ում իր բիզնես շահերին համապատասպան օրենքներ է անցկացնում։

Բնապահպանները նույնպես անդրադարձել են Արարտայան դաշտավայրում գործող ձկնաբուծարանների թեմային։ Մասնավորապես, Կարինե Դանիելյանը նշել է, որ Արարատյան դաշտում ջրի պակասը գոյացել է այն պատճառով, որ ջրերն թույլատրելիից մոտ երկու անգամ շատ են օգտագործվել առավելապես խոշոր ձկնարտադրողների կողմից։

Այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ ավելացվել է ջրառը Սևանա լճից, ինչը բնապահպան Ինգա Զառաֆյանը նույնպես կապել է ձկնարտադրության ոլորտը սպասարկելու ցանկության հետ։

Այս տարվա մարտին «Ժողովուրդ» օրաթերթը ձկանբուծական բիզնեսի հետ էր կապել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը՝ նշելով, որ Սևանի ձկնաբուծության ծրագիրը գտնվում է Սարգսյանի անձնական վերահսկողության տակ։